ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
17 Հլս 2018

Պետությունը կարող է դադարեցնել «Լիդիան»-ի գործունեությունն ու շահած դուրս գալ. փորձագետ

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի թիրախներ էին՝ հանքաշատ երկրներ պլյուս կոռումպացված իշխանություններ:

 

Ինչո՞ւ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ընտրեց Հայաստանը, Վրաստանը եւ Կոսովոն: Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն իր իսկ հարցադրմանը շտապում է պատասխանել՝ սրանք այն երկրներն էին, որտեղ կան հանքեր եւ կոռումպացված իշխանություններ: «Եւ որտեղ չկան ինստիտուտներ, որոնք կարող են պաշտպանել հանրային շահը՝ նաեւ հանքարդյունաբերության հնարավոր վատ հետեւանքների դեպքում: Այդ երկրների ընտրությունը, ի սկզբանե, արդեն կասկածի տակ էր դնում նրանց գործունեությունը»,-հավելում է նա:

Փորձագետի խոսքով՝ պետության ներսում չունենք վերլուծական կարողություններ, չունենք զարգացած ինստիտուտներ՝ պետության շահերը պաշտպանելու եւ այդ շահերը գնահատելու համար, որոնց հիման վրա էլ հնարավոր լիներ ինքնուրույն որոշում կայացնելու, այլ ոչ թե ուրիշների ներկայացրածին հավատալու:

Հովհաննես Ավետիսյանն ընդգծում է, որ օրենսդրությունը տալիս է հնարավորություն՝ նույնիսկ ուղղակի վերցնելու եւ դադարեցնելու գործունեությունը՝ հանրային շահից ելնելով: «Հիմա թե ոնց ենք այդ հանրային շահը գնահատում եւ ձեւակերպում, այլ հարց է: Իհարկե, պետք է պատրաստ լինենք նաեւ, որ դրան հետեւելու են իրավական քայլեր՝ այդ ընկերության կողմից: Սակայն պետք չէ դրանից վախենալ, դա եւս նորմալ է: Ես հավատում եմ, որ պետությունը կարող է դրանից շահած դուրս գալ, եթե իրականացնեն պատշաճ ստուգումներ ոչ միայն բնապահպանական, այլեւ ֆինանսատնտեսական գործունեության առումով»,-նշում է Հանրային ֆինանսների կառավարման փորձագետը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց»-ում: