ՊԱՐԱԴԻԳՄ
20 Սեպ 2018

Փաշինյանի խարիզմայի եւ ժողովրդահաճո հռետորաբանության շնորհիվ Մարությանը հավակնում է առաջին տեղին. քաղաքագետ

Ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի դասավորվածությունն ու շանսերը՝ ըստ Խաչիկ Գալստյանի:

 

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի դասավորվածությունն ու շանսերը դիտարկելիս՝ քաղաքագետ Խաչիկ Գալստանն առանձնացնում է երեք դերակատարներ կամ երեք էշելոնի դերակատարներ: Այսպիսով՝ առաջին պլանում ֆավորիտ քաղաքական ուժերն են՝ «Իմ քայլը»՝ Հայկ Մարությանի, ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյանի եւ «Լույս» դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ:  «Կանախատեսում եմ, որ այս երեքը խնդիրներ չեն ունենա անցողիկ շեմը հաղթահարելու: Վարչապետի՝ ամենօրյա ռեժիմով քարոզարշավին մասնակցելու շնորհիվ Հայկ Մարությանը, ըստ էության, հավակնում է առաջին տեղի»,-նշում է նա:

Երկրորդ պլանում քաղաքագետն առանձնացնում է ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, «Երկիր Ծիրանի»-ին, «Ժառանգությանը»: «Ընտրությանը մասնակցող մնացած քաղաքական ուժերը մասնակցում են մասնակցելու համար եւ դժվար թե լուրջ քվեներ ստանան»,-նկատում է Գալստյանը:

Ինչ վերաբերում է թեկնածուների միջեւ բանավեճ անցկացնելուն, ապա Գալստյանի համոզմամբ՝ բանավեճի մակարդակի, մենք, ըստ էության, դեռ չենք հասել: «Բանավեճը կենցաղային, իրար վրա ցեխ շպրտելու տեխնոլոգիայի մեջ է հասկացվում: Սա ամենեւին էլ այն բովանդակային, դասական, քաղաքական բարձր մակարդակի բանավեճերը չեն, որի ժամանակ հանրությունը կլսի քաղաքական ծրագրերի, դրանց իրականացման մոտեցումների մասին, որոնք էլ կազդեն շարքային ընտրողի վրա»,-ընդգծում է նա:

Գալստյանը նաեւ հավելում է, որ քաղաքական տեխնոլոգիաները, քարոզարշավային հնարքներն ունեն ազդեցության որոշակի դիապազոն եւ կարող են ազդել միայն ընտրողների 20-30 տոկոսի վրա: «Մնացածներն արդեն իսկ կողմնորոշված, այսպես կոչված «ֆանատների», վերջերս շատ են ասում նաեւ «զոմբիների» բանակն է, որոնց վրա ոչ մի տեխնոլոգիա չի աշխատի: Բոլոր կուսակցություններն ունեն երդվյալ, հավատարիմ երկրպագուների բանակ»,-շեշտում է Խաչիկ Գալստյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: