ՊԱՐԱԴԻԳՄ
22 Սեպ 2018

Թե հակառակորդ, թե դաշնակից որեւէ երկիր շահագրգիռ չէ, որ Հայաստանը մրցունակ լինի. Ալեն Ղեւոնդյան

Մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ մենք այլընտրանք չունենք, դաշանակից չունենք:

 

Հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալուց հետո՝ 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ անկախություն ձեռք բերեց: Երկրորդը՝ 27 տարի առաջ էր: Արդյո՞ք ճիշտ ուղղությամբ ենք գնում, արդյոք ճիշտ ենք կառուցում այդ պետությունը: Այս հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը նախ նկատում է՝ պետականությունն արժեք է, որ ենթադրում է իր կարեւոր եւ անփոխարինելի տեղը պետության ազգային շահերի մեջ:

«Պետականությունն ընկալում է, որ դու պետք է ունենաս ինքնիշխան, մրցունակ, ինքնապաշտպանվելու ունակ երկիր, եւ դու պետք է լինես դրա քաղաքացին: Բախտի  բերմամբ եւ ջանքերի գործադրմամբ՝ մենք ունենք պետականություն, ուստի պետք է հասկանանք, որ պետականությունը եւ նրա նյութական արտացոլումը՝ պետությունը, արժեք են, բայց պետությունն արժեք չէ միայն արտակարգ իրավիճակից արտակարգ իրավիճակ ընկած փուլերում»,-նկատում է քաղաքագետը:

Ղեւոնդյանը ցավով է նշում, որ մենք չունենք հասարակություն, այսինքն՝ հասարակություն այն ընկալմամբ, որ ենթադրում է քաղաքացիական վառ ընկալմամբ դրսեւորված ակտիվ զանգված: Այնինչ, մենք պետք է ուժեղ ու մրցունակ լինենք բոլոր հարթություններում: «Մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան պետք է: Մենք այլընտրանք չունենք, դաշանակից չունենք: Երբ թույլ ես, քեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, դու գործոն չես, ու նրանք գիտեն, որ դու այլընտրանք չունես: Երբ մրցունակ ես, ապա վատի, ավելի վատի ու ամենավատի միջեւ ընտրություն չես անում, հակառակը՝ քեզ համար են հերթ կանգնում: 30 տարին այդ առումով շատ-շատ հարցերում կորսված հնարավորությունների ժամանակաշրջան է եղել: Վստահորեն կարելի է ասել, որ մենք կարող էինք լինել մի քանի գլուխ ավելի ուժեղ, մրցունակ ու բարձր»,-ընդգծում է Ալեն Ղեւոնդյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: