ՊԱՐԱԴԻԳՄ
29 Սեպ 2018

Հավանական է արդեն հոկտեմբերին ընդունվի ԸՕ հայեցակարգը. Դանիել Իոաննիսյան

Մենք արդեն ունենք վերջնականացված, թեթեւակի խմբագրման անհրաժեշտություն ունեցող հայեցակարգի նախագիծ:

 

Ի՞նչ ընթացքում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս հարցադրմանն ի պատասխան ընդգծում է, որ նորից բավական ինտենսիվացել են այդ փոփոխությունների շուրջ աշխատանքները: «Մենք արդեն ունենք համարյա վերջնականացված, թեթեւակի խմբագրման անհրաժեշտություն ունեցող հայեցակարգի նախագիծ, որը, վստահ եմ, հաջորդ շաբաթ կհրապարակվի,-վստահեցնում է Իոաննիսյանը:

Այնուհետեւ, ըստ հանձնաժողովի քարտուղարի, կսկսվեն Ընտրական օրենսգրքի եւ հարակից օրենսդրության նախագծերի մշակման աշխատանքները: «Ենթադրում եմ, որ այդ աշխատանքների համար էլ կպահանջվեն մոտ երկու շաբաթ, եւ օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ կլինի: Հավանաբար կլինի ոչ թե Ընտրական օրենսգրքի նախագիծ, այլ ԸՕ փոփոխությունների եւ լրացումներ կատարելու նախագիծ»,-պարզաբանում է նա:

Իոաննիսյանը ենթադրում է, որ հոկտեմբերին նախագիծը կանցնի առնվազն առաջին ընթերցմամբ, ավելին՝ հենց հոկտեմբերին էլ հավանական է նախագիծը երկու ընթերցմամբ էլ ընդունվի: «Ըստ էության, դա նշանակում է, որ առնվազն տեխնիկապես դրանով հնարավոր է այս տարի ընտրություն անել»,-ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա, ըստ բանախոսի, այն ոչ մի պարագայում չի կարող խոչընդոտ լինել, ավելին՝ կարող է միմիայն օգտակար լինել: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: