ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
30 Մար 2017

ՀՀԿ-«Ելք» դաշինք՝ քաղաքական մենամարտ

Դպրոցների տնօրենների «դիմակազերծումից» մինչեւ Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումները եւ ձախողումները: Թեժ բանավեճ՝ ՀՀԿ եւ «Ելք» դաշինքի անդամների միջեւ: ՀՀԿ անդամ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյան, «Ելք» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյան:

 

Հանրապետական Հայկ Մամիջանյանը, խոսելով տնօրենների կողմից ցուցակագրման մասին, հարցադրում է անում՝ «այդ տնօրենները հանրապետական են, իսկ ո՞վ ասաց, որ ՀՀԿ անդամն իրավունք չունի քարոզելու իր համոզմունքները»: Նա նաեւ նկատում է՝ այդ տեղեկատվությունը ստացել են խաբեությամբ:

Մանե Թանդիլյանը հակադարձում է և հակընդդեմ հարցադրում անում՝ ի՞նչ է նշանակում ցուցակագրել ծնողներին, ի՞նչ է նշանակում ճշտել, թե ով ո՞ւմ է ընտրելու: «Այստեղ կախվածության խնդիր կա՝գնահատականի, վերաբերմունքի կախվածության: Ես մանկավարժ եմ, եւ ձեր երեխան կախված է ինձնից»,-խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է ներկայացնում դաշինքի ներկայացուցիչը:

Քաղաքական սերնդափոխության հարցում եւս կողմերի տեսակետները տարբերվում են: Հանրապետական Մամիջանյանը կարծում է, որ քաղաքական սերնդափոխությունը ենթադրում է ոչ միայն տարիք, այլև նոր դեմքեր: Թանդիլյանը համոզված է, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին: «Որոշում պետք է կայացնեն երիտասարդները: Նոր «արյուն» է անհրաժեշտ, նոր մտածելակերպ, արժեքային փոփոխություններ»,-ընդգծում է «Ելք» դաշինքի անդամը: