ՊԱՐԱԴԻԳՄ
21 Ապր 2017

Ժողովուրդը որքան վատ է ապրում, այնքան աճում են ՀՀԿ-ի ձայները. Էդմոն Մարուքյան

Մենք պետք է հանրության մեջ սերմանենք այն գիտակցությունը, որ քանի դեռ դու կաշառք ես վերցնում, ապա, օրինակ, Ֆինանսների նախարարը հանգիստ կարող է կաշառք վերցնել:

 

Համակարգը ժողովրդին աղքատ է պահում, որ հետագայում գնի այդ մարդկանց ձայները եւ վերարտադրվի: Բայց եթե մարդն ամեն օր՝ գիշեր-ցերեկ, բողոքում է իր կյանքից եւ իշխանությունից, բայց 10.000 դրամով ծախում է իր ձայնը, ապա նրան արդարացում չկա: Նման դիրքորոշում է հայտնում ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջին խորհրդարանական ընտրություններին: «Ես փաստ չունեմ, որ մեկի գլխին ատրճանակ են պահել ու ստիպել են ընտրակաշառք վերցնել ու ընտրել Հանրապետականին»,-ընդգծում է պատգամավորը: 

Էդմոն Մարուքյանն ընդունում է՝ խորհրդարանական ընտրություններին խախտումներ եղել են, սակայն դաշինքը չունի այնպիսի փաստեր, որ հնարավոր լինի Սահմանադրական դատարան դիմելու: «Բոլորս գիտենք, որ զանագվածային ընտրակաշառք է բաժանվել, սակայն չկա մեկը, որը ցուցմունք է տալիս ու ասում է՝ ես ընտրակաշառք եմ վերցրել, չկա մարդ, որն ասում է՝ ես փող եմ բաժանել»,-պարզաբանում է բանախոսը: Պատգամավորը շարունակում է եւ բնորոշում տալիս՝ «ընտրակաշառքը շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ աշխատող համակարգ է»: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: