ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
27 Apr 2017

Ուզում եք 10 Աշոտյան փոխեք, ոչինչ չի փոխվի. Արմեն Աշոտյան

Հասարակարգի տրանսֆորմացիան չի ավարտվել: Ազատություն, ժողովրդավարություն..., այս ամենը «հարդ դիսկի» վրա նստեցվող ծրագիր չէ, որ ներբեռնես ու վերջ:

 

«Մենք վատ ենք ապրում, որովհետեւ դեռ չենք հավատում, որ սեփական խելքով եւ աշխատասիրությամբ կարող ենք կառուցել սեփական կյանքը: Հասարակության մի մասը, ցավոք, սպասում է օգնության, բարեգործության, ռենտայի…»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս համատեքստում պետության պատասխանատվությունը համարում է արդարության այնպիսի ընկալման ստեղծումը, որ մարդը գիտակցի, որ կարող է:


Տեւական ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Աշոտյանը պնդում է՝ կրթության բնագավառում ոչ մի խնդիր, ոչ տասը, ոչ 15 տարի հետո, վերջնական լուծում չի ստանալու: «Չկա այդպիսի երկիր, որ ամբողջությամբ լուծել է բոլոր խնդիրները: Չկա նաեւ այնպիսի ժողովուրդ, որ ծնողը գումար տա տնօրենին, որ երեխան չգնա դասի: Եւ քանի կա ուսանողական հատված, որը շահագրգիռ է այլ եղանակով քննություն ստանալ, ապա կոռուպցիայի դեմը չեք առնելու. ուզում եք տասը Աշոտյան բերեք, ուզում եք տասը Աշոտյան փոխեք»,-վստահ է Արմեն Աշոտյանը:


Սոցիալական ցանցերում ակտիվության համար Աշոտյանը բազմիցս քննադատվել է: Այսօր ուրախությամբ ընդգծում է՝ այն, ինչի համար տարիներ առաջ քննադատում էին, հիմա դարձել է քննադատողների գործունեության հիմնական տեղն ու ձեւը: «Ուրախ եմ, որ առաջինն էի Հայաստանում, եւ կյանքն ապացուցեց, որ ոչ միայն ճիշտ եմ արել, որ այնտեղ եմ եղել, այլեւ ճիշտ է, որ նրանք էլ են այսօր այնտեղ»,-ասում է նա:
Բարձր պաշտոններ զբաղեցրած եւ լուրջ լծակների տիրապետող քաղաքական գործիչը վստահեցնում է՝ ո՛չ «դե յուրե», ո՛չ «դե ֆակտո» չունի անձնական բիզնես: «Կուզեմ ունենալ բիզնես, ես չեմ ամաչում դրանից, հակառակը՝ կհպարտանամ, եթե կարողանամ լավ բան անել»,-նշում է նա:


Թե ի՞նչ բիզնես կերազեր ունենալ Աշոտյանը, ի՞նչ փոխեց նրա կյանքում «Էլեկտրիկ-Երեւան»-ի օրերից հայտնի միջադեպը, ինչպես նաեւ շատ այլ դժվար հարցերի պատասխանները կգտնեք «Դժվար զրույց» հաղորդման մեջ: