ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
04 Մայ 2017

«Ընտրության բանաձեւ»՝ ՀՀԿ-«Երկիր Ծիրանի»

Ընտրական մենամարտ՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ:

 

Հանրային տրանսպորտը մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից է, հետեւաբար՝ Երեւանի ավագանու ընտրության նախաշեմին՝ ամենաքննարկվողը: Երեւանի ավագանու անդամի թեկնածու, հանրապետական Գոռ Վարդանյանի խոսքով, այս խնդիրը չի կարող լուծվել միայն քաղաքապետարանի ուժերով: «Սա պետք է լուծվի թե միջազգային կառույցների, թե կառավարության, թե մասնավոր սեկտորի աջակցությամբ: Այսօր մեր ծրագրում կան հստակ դրույթներ՝ ստեղծել նոր օպերատոր, որը հնարավորություն կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն մատուցել: Միեւնույն ժամանակ հիմնովին վերազինել ավտոբուսային պարկը՝ բացառելով միկրոավտոբուսները»,-նշում է Գոռ Վարդանյանը:


Երեւանի ավագանու անդամի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանի համոզմամբ՝ անցած հինգ տարում քաղաքապետարանի բյուջեով հնարավոր էր ոլորտում 50-70 տոկոսով բարեփոխումներ իրականացնել: «Երեւանի հանրային տրանսպորտի վիճակն այնքան վատ է, որ տրանսպորտի մոտ 95 տոկոսը կազմում են միկրոավտոբուսները, որոնք շահագործվում են 15 տարուց ավելի՝ 12-16 ժամյա եւ 6-7 օրյա աշխատանքային գրաֆիկով: Այս պարագայում, տեխնիկապես հնարավոր չէ պահպանել ավտոբուսները»,-շեշտում է Պողոսյանը: Ավելին, ըստ նրա, հինգ տարվա ընթացքում չի եղել տեսանելի որեւէ փոփոխություն:
Գոռ Վարդանյանը հակադարձում է՝ վերջին հինգ տարիներին այս խնդրին մասամբ լուծումներ են տրվել, պարզապես խնդիրը շատ խորքային է եւ պետք է ամբողջ համակարգը փոխել:


«Մեր բախտն այնքանով չի բերել, որ մեր իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, փոփոխություններ չենք տեսնում»,-ասում է «Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչը: Հանրապետական Գոռ Վարդանյանի հակադարձումները՝ «Ընտրության բանաձեւ» հաղորդման շրջանակում: