ՊԱՐԱԴԻԳՄ
29 Մայ 2017

Հայերն անկախություն ուզում էին ոչ թե «Ռուսահայաստանի», այլ «Թուրքահայաստանի» տարածքում. Թաթուլ Հակոբյան

Պատմությունը պետք է մերկ լինի. երբ նրան հագուստ ես հագցնում՝ նրա «հերն անիծում» ես:

 

Թուրքերը պարտադրում էին հայերին հռչակել անկախություն: Ճիշտ է, հիմա՝ առաջին հանրապետության հռչակումից 99 տարի անց, «նարատիվը» փոխվել է, սակայն, եթե էջ առ էջ նայենք պատմությանը, ապա կտեսնենք, թե ոնց էին նրանք պարտադրում այդ անկախությունը: Իսկ ո՞րն էր թուրքերի շահը: Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը պարզաբանում է՝ թուրքերն ուզում էին փոքր սահմաններով Հայաստան՝ իրենց իշխանության ներքո: «Սա մեծ բանավեճի թեմա էր նաեւ թուրքական շրջանակներում»,-նշում է փորձագետը:


Մեկ դար առաջվա հակասական տրամադրությունների մասին խոսելիս՝ Հակոբյանն ընդգծում է, որ այդ ժամանակ հայերը ոչ թե անկախություն չէին ուզում, այլ մտածում էին, որ այն կարող է սպառնալիք դառնալ, եւ թուրքերը կարող էին վերջնականապես լուծել հայկական հարցը:


Բացի դրանից, փորձագետը հիշեցնում է Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերը, որը գրում էր՝ մինչեւ 1917 թվականը հայ քաղաքական մտքի մեջ չկար որեւէ հոսանք, որը կցանկանար Հայաստանի անկախությունն այսօրվա Հայաստանի տարածքում: «Այո՛, կար մի մեծ շրջանակ, որը ձգտում էր անկախության. ուղղակի այդ անկախությունը տեսնում էր Արեւմտյան Հայաստանում կամ այդ ժամանակվա բառապաշարով ասած՝ Թուրքահայաստանում: Վանն էր պատկերացնում իր մայրաքաղաքը, բայց ոչ Երեւանը»,-շեշտում է Թաթուլ Հակոբյանը: Հետադարձ հայացք պատմությանը եւ պատմության ոչ ստանդարտ մեկնաբանությունը՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: