ՖԻԼՄԵՐ
11 Դեկ 2017

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը

Նեֆերտիտի. Եգիպտոսի հռչակավոր թագուհու հմայող գեղեցկությունն ու գայթակղիչ առեղծվածային հայացքը գերում են անգամ դարեր անց: Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ տեսել է նրա հայտնի կիսանդրին եւ լսել է Նեֆերտիտի անունը: Բայց քչերը գիտեն, որ թագուհին, ում մասին կենդանության օրոք առասպելներ են հյուսվել, սերում էր հյուսիսային մի երկրից, որին այսօր կոչում ենք Միտանի:

Հին ժամանակներում Միտանին խոշորագույն պետություն էր, որը պատերազմում էր Եգիպտոսի ու խեթերի հետ եւ զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի մեծ մասը: Տարբեր ցեղախմբերով եւ ժողովուրդներով բնակեցված պետությունը ստեղծել էր քաղաքակրթական չափազանց հետաքրքրիր օջախ: Այսուհանդերձ, Միտանիի հիմնական եւ ամենաազդեցիկ էթնոսը խուռիներն էին:

Այսօրվա դրությամբ, խուռիների ծագման վերաբերյալ չկա գիտական միասնական կարծիք: Սակայն հայտնի է, որ խուռիներն ազգակից էին ուրատացիներին եւ պատկանում էին արմենոիդ ռասային: Գիտության մեջ ընդունված վարկածի համաձայն՝ նրանք սերում էին Հյուսիսային Միջագետքի տարածքից, որը գտնվում էր սրբազան Արարատ լեռան մոտակայքում:

Միտանի պետության լեզուն առ այսօր ունի բազմաթիվ առեղծվածներ եւ ամբողջովին ուսումնասիրված չէ: Սակայն գոյություն ունեցող փաստերի հիման վրա գիտնականները եզրահանգում են՝ խուռիների լեզվի եւ հայերենի միջեւ գոյություն ունի ուղիղ կապ: Չէ՞ որ Միտանին եւ նրան հաջորդած Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը գտնվել են միեւնույն տարածքում, որտեղ պատմականորեն ապրել է եւ ապրում է հայ ժողովուրդը: Հենց այդ պատճառով էլ Ք.ա. արդեն 5-րդ դարում հույն պատմիչ Քսենոփոնն այդ հսկայական տարածքը կոչում է հենց հայկական լեռնաշխարհ:

Հաշվի առնելով հին սեմական եւ սեպագիր արձանագրությունների յուրահատկությունները՝ մենք ունենք միայն բաղաձայն հնչյուններ, իսկ ձայնավորները տեղադրում ենք ինքներս՝ իմաստով կամ հնչեղության հարմարավետությամբ: Սրանից էլ ելնելով՝ եգիպտացիները խուռիներին անվանում էին հարու կամ հաերու: Նշանակալից է, որ հայերի ինքնանվանումը, անհիշելի ժամանակներից հայ է, հոգնակիի դեպքում՝ հայեր:

Խուռիների երկիրը եգիպտացիներն անվանում էին Նահարինա, որը թարգմանաբար նշանակում է գետերի երկիր: Ուշագրավ է, որ Ուրարտուն եւս հարեւան ասորիներն անվանում էին Նահիրի, որը եւս թարգմանվում է որպես գետերի երկիր: Խուռի արքաներն իրենց կոչում էին հաեր, իսկ երկիրը՝ Միտանի կամ Միտունի: Հայտնի է, որ Միտանին բազմազգ պետություն էր ՝ միավորված խուռի մեծամասնությամբ: Ուստի, ենթադրություն կա, որ Միտանին կարող է նշանակել ՛Միասնական տուն՛ կամ Միասնական երկիր: Հայերենում ՛Մի տուն՛ եւս նշանակում է ՛մեկ տուն՛ կամ ՛միասնական տուն՛: Ներկայում գոյություն ունեցող ոչ մի լեզվում հնարավոր չէ գտնել նման համընկնում խուռիների լեզվին:

Խուռիական մանր թագավորությունները սկսեցին ի հայտ գալ Ք.ա. երկրորդ հազարամյակի սկզբում: Նրանցից ամենահզորը Միտանի թագավորությունն էր, որը բարգավաճման գագաթնակետին հասավ Ք.ա. XV –XIV դարերում, երբ սկսվեց այդ ժամանակների մեկ այլ հզոր տերության՝ Եգիպտոսի հետ պատերազմների շթղան: 1887 թվականին հայտնաբերված եգիպտական լրատուն բավական մանրամասնորեն է ներկայացնում այդ երկրների հարաբերութունները:

Շուտով երկու պետությունների տիրակալները գիտակցում են մշտական բախումների անիմաստությունը եւ խաղաղ համագոյակցության փոխշահավետությունը: Թութմոս 4-ը եւ Արտադամ Առաջինը կնքում են խաղաղության եւ բարեկամության մասին պայմանագիր, որն ամրապնդվում է փարավոն Թութմոս 4-ի եւ Արտադամի դստեր միջեւ տոհմական ամուսնությամբ: Այսպիսով, Միտանիի տիրակալի դուստրը դառնում է Եգիպտոսի թագուհի եւ եգիպտացի հաջորդ տիրակալ Ամենհոտեպ III -ի մայրը:

Ամենհոտեպ III-ը եւս ամուսնանում է Միտանիի արքայադստրերից մեկի հետ: Իր գահակալման տարիներին նա դիվանագետ-խնամախոսներ է ուղարկում Միտանի թագավորության արքա Թուշրատայի մոտ՝ նրա դստեր՝ Տադու Հեպայի ձեռքը խնդրելու: Միտանի արքայադստերը Եգիպտոսում ընդունում են խանդավառությամբ եւ արքայավայել մեծարանքով: Եգիպտացիները հիացած էին օտարերկրյա արքայադստեր գեղեցկությամբ, ուստի նրան կոչում են Նեֆերտիտի, որը եգիպտերենից թարգմանաբար նշանակում է ՛՛Գեղեցկուհին եկավ՛՛ կամ ՛՛Երկվոր գեղեցկուհին՛:

Նեֆերտիտիի գեղեցկությունը գերում է նաեւ այսօր, երբ տեսնում ենք նրա հոյակերտ կիսանդրին՝ նուրբ դիմագծերով, երկար վզով եւ արտահայտիչ աչքերով:
Թագուհի դառնալուց շատ չանցած Նեֆերտիտին կորցնում է ամուսնուն: Գահ է բարձրանում Ամենհոտեպ III-ի երիտասարդ որդին՝ Ամենհոտեպ 4-ը: Նոր փարավոնը սիրահարված էր գեղեցկուհի Նեֆերտիտիին եւ ստանալով Միտանիի տիրակալի օրհնությունը, ամուսնանում է Նեֆերտիտիի հետ՝ նրան դարձնելով իր ավագ կինը:

Փարավոն Ամենհոտեպ 4-ը ստանձնում է նոր անուն՝ Էխնատոն, եւ սկսում է երկրում իրականացնել մասշտաբային կրոնական բարեփոխումներ, որոնք պետք է արմատապես փոխեին Եգիպտոսի դարավոր ավանդույթները: Այս բարեփոխումներն էլ պատճառ են դառնում վերնախավի եւ փարավոնի միջեւ սուր բախումների: Նոր փարավոնը, հարյուրավոր աստվածների փոխարեն, ճանաչում է արեւի մեկ միասնական Աստված՝ Աթոնին: Էխնատոնն ու Նեֆերտիտին իրենց ամբողջ կյանքը նվիրում են նոր կրոնի քարոզմանն ու տարածմանը: Հիմնադրվում է նոր մայրաքաղաք՝ Ախետատոնը, որտեղ Աթոնի տաճարների պատերին հայտնվում էին փարավոնի սիրելի կնոջ դիմանկարները: Ներբողների մեծ մասը եւս Էխնատոնը ձոնում էր հենց Նեֆերտիտիին՝ գովերգելով նրա հմայքն ու գեղեցկությունը եւ նրան կոչում կատարյալ: Փարավոնին բացարձակ չէին հետաքրքրում ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականությունը: Արդյունքում էլ՝ վատթարանում են հարաբերությունները ինչպես Եգիպտոսի ազնվականության, այնպես էլ հարեւան երկրների հետ:

Որոշ տվյալների համաձայն՝ Էխնատոնին սպանում են մտերիմները, որոնք դժգոհ էին նրա վարած քաղաքականությունից: Փարավոնի մահից որոշ ժամանակ անց՝ 37 տարեկանում, մահանում է նաեւ Նեֆերտիտին: Այնուհետեւ կարճ ժամանակաշրջան Եգիպտոսը թագավորում է Էխնատոնի որդին՝ ծնված իր իսկ քրոջից՝ Թութանհամոնը: Հենց այն Թութանհամոնը, որը հետագայում դառնում է Եգիպտոսի խորհրդանիշը: Ուշագրավ է, որ Էխնատոնի եւ Թութանհամոնի ԴՆԹ-ի անալիզները հաստատում են դրանցում R1b գենետիկ խումբը, որը բնորոշ է Առաջավոր Ասիայի բնակիչներին՝ առավելապես ժամանակակից հայերին, օսերին եւ մի քանի այլ ազգերին:

Փաստացիորեն, մի քանի սերունդ շարունակվել են ազգակցական կապերը Միտանի եւ Եգիպտոսի թագավորական ընտանիքների միջեւ, որտեղ իշխել են խուռի թագուհիները: Հետաքրքրական է, որ եգիպտական պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից մեկը հենց Նեֆերտիտիի ժամանակաշրջանն է, եւ առավելապես նրա կերպարի միջոցով ենք իմանում այդ տարիների հետաքրքրիր իրադարձությունների մասին:

Միտանի քաղաքակրթությունն էական ազդեցություն է թողել հարեւան ժողովուրդների՝ Սիրիայի, խեթական թագավորության, Բաբելոնի եւ, իհարկե, Եգիպտոսի մշակույթների վրա: 2-րդ հազարամյակի վերջին Միտանին ՛՛լքում՛՛ է պատմական թատերաբեմը՝ հիմք դնելով նոր պետության՝ Արարատյան թագավորության կամ Ուրարտուի կազմավորմանը, որը դառնում է այդ հզոր մշակույթի իրավահաջորդը, եւ որը եւս զբաղեցնում է Առաջավոր Ասիայի ուժեղագույն տերության դիրքերը: