ՊԱՐԱԴԻԳՄ
16 May 2018

Փաշինյանն ունի լեգիտիմության խոշոր ռեսուրս, որն օգտագործելու է ՀՀ դիրքերի բարելավման համար. Հայկ Մարտիրոսյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելուն զուգահեռ ջանքեր են գործադրվելու Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ:

 

Նիկոլ Փաշինյանն ունի լեգիտիմության խոշոր ռեսուրս, եւ այն օգտագործելու է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում լավացնելու ուղղությամբ: Ինչպես նկատում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, այն չի ենթադրում այս կամ այն վեկտորի ծայրահեղ հետապնդում, «այլ ենթադրում է հայկական շահերի ծայրահեղ հետապնդում»: «Վստահ եմ, որ այդ օրակարգը կառավարությանը պարտադրելու է նաեւ ժողովուրդը, որովհետեւ մեծ ակնկալիք կա, որ այս իշխանությունը համեմատաբար ազատ որոշումներ կայացնող պետք է լինի»,- ասում է նա:
Հայկ Մարտիրոսյանը համոզված է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելուն զուգահեռ անպայմանորեն ջանքեր են գործադրվելու Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ, որոնք բավական թույլ ու պասիվ էին Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Քաղաքագետը շեշտում է, որ հարաբերությունները պետք է զարգացնել ոչ միայն հիմնական ու ավանդական ուղղություններով, այլեւ աշխատել անտեսված ուղղություններով: «Չինաստանից մինչեւ Միացյալ նահանգներ Հայաստանին բարեկամ երկրներ են»,-ընդգծում է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ապրիլի 23-ից հետո ստեղծված իրողությանը, ապա քաղաքագետն ընդգծում է, որ ընտրվել է ոչ թե «ներքին թշնամուն» կապիտուլյացիայի մատնելու գիծը, այլ նրա կողմից հաղթանակի ճանաչման ճանապարհը: «Դա մոտավորապես նման է մեր Արցախի խնդրին, որտեղ Հայաստանը հաղթել է Ադրբեջանին եւ պահանջում է, որ Ադրբեջանն այդ հաղթանակը ճանաչի ու չի միացնում Արցախը Հայաստանին: Սա հայկական մենթալիտետին հատուկ բան է. միշտ գնալ արտաքին, ամենատարբեր ազդակները հաշվի առնելու ճանապարհով եւ ծայրահեղ օրինապաշտություն դրսեւորել»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: