«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին պայքարել գերեվարված հայրենակիցների վերադարձի համար»․ «Գիտակից հասարակություն» կենտրոն

««Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արթուր Միքայելյանի, խստորեն դատապարտում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանում ընթացող կեղծ «դատավարությունը»։
Խիստ մտահոգություն ենք հայտնում ապօրինի պատանդառված ու գերեվարված մեր հայրենակիցների առողջական վիճակի համար։
Արդեն ութ օր է՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի։ Նրա առողջական վիճակը վատթարացել է։
Հրապարակված տեսանյութերից, լուսանկարներից կարելի է ենթադրել, որ մեր հայրենակիցներն Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների։
Դատապարտելի է նաև այն, որ ապօրինի գերեվարված ու պատանդառված մեր հայրենակիցների վերադարձի հարցը դոփում է տեղում․ արդյո՞ք ՀՀ իշխանությունը անում է հնարավոր ամեն բան, որ օր առաջ տուն վերադառնան մեր հայրենակիցները, մեզ համար առնվազն տեսանելի չէ դա, և կասկածի տեղիք է տալիս։
Մենք կոչ ենք անում գործընկեր բոլոր կազմակերպություններին, սփյուռքում գտնվող մեր քույրերին ու եղբայրներին բարձրաձայնել այս հարցը, օգտագործել բոլոր միջոցները, որոնք կնպաստեն մեր հայրենակիցների վերադարձին։ Կոչ ենք անում նաև ՀՀ քաղաքացիներին պայքարել գերեվարված հայրենակիցների վերադարձի համար։
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերեվարված բոլոր անձանց և նրանց ընտանիքներին»։
«Գիտակից հասարակություն» Կենտրոն