ՊԱՐԱԴԻԳՄ
26 Սեպ 2018

Բացառված է հաջողության հասնել միակուսակցական համակարգում՝ առանց ընդդիմության. Լեւոն Շիրինյան

Եթե իշխանությունը չկարողանա մոդելավորել խորհրդարանական ընտրությունները, ապա կունենաք ավտորիտարիզմ

 

Երեւանի ավագանու ընտրությամբ արձանագրվեց ժողովրդի նվիրումն այն առաջնորդին, որն իրեն խոստացել է ժողովրդավարական բարեփոխումներ: Ավելին, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ՝ այսօր ավելի խորքային պրոցես է ընթանում: «Հայը, այսպես ասենք, արքետիպային հայը վերականգնվում է»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է զուտ ընտրություններին, ապա Շիրինյանի խոսքով՝ չկան այլեւս կուսակցություններ, արդեն շարժումներն են հաղթում: «Կուսակցությունները, ժողովրդի լեզվով ասած, «վարի գնացին»: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ըստ էության, շարժում է, այստեղից էլ՝ կադրային բանկի պակասությունը»,-շեշտում է նա:  

Քաղաքագետը նկատում է նաեւ, որ ժողովուրդն ակտիվորեն պաշտպանեց վարչապետի կոչը եւ 80 տոկոսից ավելի քվե տվեց իշխանական ուժին: Այսուհանդերձ, հեղափոխությունից հետո ընտրողների մասնակցության պասիվությունը, Շիրինյանը հիմնականում կապում է Փաշինյանի կադրերի եւ ոչ պրոֆեսիոնալ թիմի հետ: «Սիրում են ու հավատում առաջնորդին, բայց չեն վստահում նրա թիմին: Իմ գնահատմամբ՝ հստակ ազդանշան կա՝ մաքրիր միջավայրդ, չեմ հավատում, չեմ վստահում շրջապատիդ»,-նշում է բանախոսը:

Երեւանի ավագանիում 80 տոկոսից ավելի ներկայություն ունենալը ժողովրդի ցանկությունն էր, սակայն ինչպես նկատում է քաղաքագետը՝ «զանգվածը կարող է ուզել, որ քաղաքական մի ուժ մեծամասնություն դառնա, բայց քաղաքական ղեկավարության իմաստնությունը պետական շահի գերակայության գիտակցումն է եւ դրա ռեալիզացումը»: «Եթե իշխանությունը չկարողանա մոդելավորել խորհրդարանական ընտրությունները, ապա մենք կունենաք վերադարձ ավտորիտարիզմին: Բացառված է հաջողության հասնել միակուսակցական համակարգում՝ առանց ընդդիմության»,-ընդգծում է Լեւոն Շիրինյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: