ՍՏԱՐՏԱՓ
08 May 2017

«Ծուռ խաղ»

Յուրաքանչյուր կերպարի խաղի հեղինակներն օժտել են նաև զորությամբ. ամենաուժեղը Սանասարն է, ամենաթույլը՝ Նազիր-վեզիրները:

Եթե ուզում ես անէացնել Դեղձուն Ճյուղ Ծամի կախարդանքը և արժանանալ նրա ձեռքին, ապա գործի դիր ձեռքիդ խաղաքարտերը, Վիշապի բերանից հանիր ակները և դարձիր հաղթող:
«Ծուռ խաղը» խաղաքարտերով սեղանի խաղ է՝ նախատեսված 8 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար: Խաղի հիմքում «Սասնա ծռեր» էպոսն է, մասնավորապես՝ Սանասարի և Բաղդասարի հարսանիքը: Խաղում ներկայացված է 9 կերպար՝ Սանասարից ու Դեղձունից մինչև հովիվ ու ալևոր, որտեղ յուրաքանչյուրը կատարում է հստակ գործառույթ:


Յուրաքանչյուր կերպարի խաղի հեղինակներն օժտել են նաև զորությամբ. ամենաուժեղը Սանասարն է, ամենաթույլը՝ Նազիր-վեզիրները:


Յուրաքանչյուր շրջափուլում հաղթողը ստանում է մեկ ակն: Խաղն ավարտվում է, երբ որևէ մասնակից հավաքում է պահանջված թվով ակներ՝ անէացնելով Դեղձունի կախարդանքը: Կախված մասնակիցների քանակից՝ հաղթելու համար անհրաժեշտ ակների քանակը տարբեր է:


Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ մեկ տարի: Սկզբում մտածել են խաղի կանոնները, խաղաքարտերին օժտել բնավորությամբ, հետո սկսվել է ամենադժվարը՝ նկարները:
Խաղը ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը ստացել են «ՕՍՄ» հիմնադրամից: 1000 ԱՄՆ դոլարով կազմել են և տպագրել «ծռերի» 500 օրինակ: Այսօր խաղը վաճառվում է երևանյան մի շարք գրախանութներում և սրճարաններում:


Ապագայի ծրագրերից խոսելիս զուսպ են. հիմնական ջանքերը կուղղեն PR-արշավներին: Խաղից անմասն չեն մնա նաև մանկատան երեխաները:
Խաղի վաճառքից ստացված հասույթը հեղինակները նախատեսում են ներդնել նոր խաղերի մեջ: Առաջիկայում թղթախաղերի հերոսներ կարող են դառնալ Անդերսենի կամ Թումանյանի հեքիաթների հայտնի կերպարները: