ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Apr 2020

Գավառի կրակոցները․ ինչո՞ւ սպանվեց «Նորատուսցի Արջ»-ը

Գավառ քաղաքի Ազատության փողոցում նախօրեին հնչած կրակոցները մեծ իրարանցում առաջացրին վերջին շրջանում հիմնականում համաճարակային խնդիրներով մտահոգ հասարակության շրջանում։ Կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, իսկ եւս երկուսը՝ շտապօգնության ավտոմեքենաներով՝ Երևանի հիվանդանոցներ: Տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի եւ Գավառ քաղաքի 6 բնակիչ։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուսի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երկու ավտոմեքենա՝ կրակոցի հետքերով։ Առաջ է քաշվել մի քանի, այդ թվում՝ վենդետայի վարկածը՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուսի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Սպանվածի հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ ազգականները՝ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:
Ըստ մեկ այլ վարկածի՝ վիճաբանությունը ծագել է դեռահասների միջև: Հնչած կրակոցներից հետո հարձակումը հիվանդանոցի վրա կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանի եղբայրը։

Գավառում ուժեղացված ծառայություն են անցկացնում նաեւ ոստիկանության հատուկ ջոկատայինները, որոնք հսկողության տակ են վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Սակայն դա չխանգարեց մի խումբ անձանց՝ հարձակվել հիվանդանոցի վրա, ներս մտել, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել հիվանդանոց տեղափոխված երկու վիրավորներին։ Մարզպետ Սանոսյանն ավելի ուշ պարզաբանեց, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածների՝ 500-ից ավելի հարազատներ:
Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չի եղել։ Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ Գավառի բժշկական կենտրոն այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ սպանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, զանգվածային անկարգություններ կատարելու հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում այս գործերը միացվել են մեկ վարույթում:


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հերքելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է։ «Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»։