ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Apr 2020

Մեկ միասնական քննությունը ԲՈՒՀ ընդունվելը ահռելի ռիսկային է դարձրել․ շրջանավարտ

Վերջին զանգի արարողությունն այս տարի հետաձգվում է անորոշ ժամանակով, երկու օր առաջ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի այս հայտարարությունը վշտացրել է այս տարվա շրջանավարտներին։ Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտ Գարիկ Գևորգյանն ասում է՝ ինքն ու իր համադասարանցիները փորձում են չհուսահատվել։ Վստահում են նախարարի խոսքին, որ երբ համաճարակը վերջանա մի օր կընտրեն ու կնշեն վերջին զանգը։

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում փոխադրական քննություններին՝ նշելով, որ կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու համար քննություններ այս տարի չեն անցկացվելու։ Քննութուն կհամարվի աշակերտների՝ մինչեւ մարտի 13–ն ունեցած գնահատականների հիման վրա կատարված ամփոփումը։

Երևանի թիվ 179 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Երեմյանը վստահ է, որ կրթության ոլորտի ու աշակերտների վրա վերոհիշյալ որոշումը բացասական հետևանքներ չի ունենա․

Դպրոցներում ավարտական՝ 12–րդ դասարանի քննություններ ևս տեղի չեն ունենա, իսկ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն ընդամենը մեկ քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին:

«Մեկ միասնական քննությունը թեև ուրախացրել է բոլորիս, սակայն բուհ ընդունվելը նաև ահռելի ռիսկային է դարձրել»-, Լոռու մարզի Դսեղ համայնքի Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Սյուզան Խառատյանի մտահոգություններն են․

«Եթե մինչ այդ մտածում էինք, որ, օրինակ, երեք առարկայից քննություն հանձնելու դեպքում յուրաքանչյուրից ստացված միավորները գումարելով կարող ենք ընդունվել մեր նախընտրած բաժին, ապա հիմա անորոշ է՝ այդ պրակտիկան կկիրառվի, թե ոչ։
Հաջորդ անհարմարությունը կրկնուսույցների մոտ վճարովի պարապելն էր, իսկ հիմա իմանում ենք, որ այդ առարկայից քննություն չի լինելու»,- հայտնում է Սհուզան Խառատյանը։։

Ավագ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները դեռ չեն շտապում կարծիք հայտնել նախարարության՝ ավարտական և ընդունելության քննությունների որոշումների վերաբերյալ։ Ասում են՝ իրենց համար եւս շատ հարցեր դեռ պարզ չեն: