Քաղաքական, թե՞ քրեական հետապնդում. ի՞նչ իրավիճակ է Յուքոմ-ի շուրջ
Արտակարգ դրության պայմաններում մարդկանց առաջնահերթ հուզող լուրերն, ըստ էության, կորոնավիրուսի զարգացման միտումներն են: Հայաստանում, սակայն, «կարանտինային» նորություններին զուգահեռ, վերջին շրջանում հատկապես սոցիալական մեդիայում ակտիվորեն քննարկվում են «Յուքոմ» ընկերության ներքին խմորումները: Սկզբում մամուլում լուրեր տարածվեցին, թե ընկերության համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններն աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Հայկ Եսայանը, որը նաև ընկերության գլխավոր տնօրենն է, հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով.
«Այս խնդիրները բավականին երկար ժամանակ է ինչ կան, բավականին լուրջ տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության տեսլականի շուրջ: Շուրջ մեկ տարի է, ինչ ես փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղղով տանել: Ցավոք, լավ չի ստացվել, որովհետև ունենք մոտեցումների տարբերություն»,- նշել է Եսայանը:
Ուշագրավ է, որ Եսայանների հրաժարականը օրինակ է ծառայել նաև ընկերության աշխատակիցների համար: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց թիվը հասնում է 843-ի, այդ թվում՝ գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը, միջին օղակը և ամբողջ տեխնիկական թիմը: Եսայանները առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22մլրդ 100 մլն դրամ գումար, հետագայում նրանք բարձրացրել են խաղադրույքը՝ այն հասցնելով 34 միլիարդ 57 միլիոն դրամի:
Շրջանառվող լուրերի համաձայն, համատարած ազատման դիմումների պատճառը «Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա հնարավոր միավորումն է։ Գործարքն առայժմ տեղի չի ունեցել: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունում է՝ «Յուքոմ»-«Բիլայն» գործարքի թույլտվության դեպքում կա շուկայում գերիշխող դիրք հաստատելու վտանգ, ինչն էլ քննարկում են հանձնաժողովում։ Իրավաբան Արթուր Բուդուրյանն այս հարցում եւս մտավախություն ունի.
«Ենթադրենք, որ շատ խիստ մրցակցություն ունենք շուկայում «Յուքոմի» և «Բիլայնի» միջև, օրինակ, ֆիքսված հեռախոսակապի առումով: Էլ չի լինի դա, որովհետև «ՎիվաՍել- ՄՏՍ»-ը չի տրամադրում ֆիքսված հեռախոսակապ և IP TV:
Իրավաբանը չի բացառում նաև, որ գործընթացի արդյունքում կարող են կրճատումներ լինեն»,- կարծում է Արթուր Բուդուրյանը:
Ինչ վերաբերում է «Յուքոմ»-ի բաժնեմասերին, ապա ընկերության բաժնետոմսերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։
Եսայանների հրաժարականից հետո ընկերության կառավարման խորհուրդն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ հույս հայտնելով, որ բոլոր բաժնետերեը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝ առանց որևէ աշխատակցի վնասելու քայլերի: Հայտարարությունը տարածվել էր Galaxy Group ընկերությունների խմբի կողմից, որի կազմում է մտնում «Յուքոմ»-ը և որը պատկանում է հենց Խաչատրյան ընտանիքին: Galaxy Group ընկերությունների խմբի այս հայտարարությունը, հետո էլ նոր տնօրենի նշանակման հայտարարությունը Յուքոմից հերքել էին:
Այստեղ առաջ է գալիս մի հանգամանք, որի մասին շատ քիչ է խոսվել, սակայն այն անմիջականորեն կապված է գործընթացի կողմերից մեկի հետ: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք է դրվել.
«Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակորեն սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Oրենքով նաև մեկ այլ պահանջ է սահմանված, որի համաձայն գույքի սեփականատերն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին իր որ գույքի վրա կալանք դրվի, որը բավարար է և համապատասխանում է ենթադրյալ պատճառված վնասի չափին: Բնականաբար, գույքի սեփականատիրոջ այդ իրավունքի իրացումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, սակայն այս հասարակ նորմը ևս չի պահպանվել»,- ասվում է Խաչատրայանների փաստաբանական թիմի հայտարարությունում:
Իրավիճակի անորոշությունը մի քանի օր ևս պահպանվեց, մինչև որ Հայկ Եսայանը հրաժարական ներկայացրեց և հայտարարեց, որ ստեղծելու է նոր Յուքոմ: Այս իրավիճակն ի վերջո վերլուծեց ու եզրահանգումներ ներկայացրեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: Մեդիմաքսի հետ զրույցում նա անընդունելի համարեց ստեղծված իրավիճակը, ընդգծեց Հայկ Եսայանի կարևորությունը և նշեց, որ նրան նույնիսկ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոն են առաջարկել:
«Տարիների ընթացքում տարբեր առաջարկներ հնչել են: Նորմալ չեմ համարում այդ քննարկումները բերել օպերացիոն դաշտ, որովհետև մենք գործ ունենք 800 հազարից ավել բաժանորդնի հետ, որոնք մեզ վստահում և վճարում են: Չեմ կարծում, որ այս անկայունությունը տեղին է»,- ասում է «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահը:
Խաչատրյանի համար դեռ այդքան էլ հասկանալ չէ, թե ինչու ամեն ինչ այս աստիճան սրվեց, որովհետև, նրա խոսքով, իրավիճակն այնքան խնդրահարույց չէր, որքան ներկայացվում էր: Նա նաև հերքեց այն խոսակցությունները, որ ընկերությունը վաճառվում է ռուսական կազմակերպության:
«Այսօրվա կոնտեքստում մեծամասնական բաժնետերերը չեն քննարկել ընկերությունը վաճառելու հարցը, այն չի քննարկվել երբևէ»,- հայտնում է Գուրգեն Խաչատրյանը:
«Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա հնարավոր գործարքը, Խաչատրյանի խոսքով, բանակցային փուլում է:
«Այս ամենը քննարկվում է այն կոնտեքստում, որ նոր միավորված կապիտալը պետք է տնօրինվի Հայաստանում: Ընդհանուր բաժնետերերս ունենք այդ տեսլականը, այսինքն դա չէր կարող լինել բանավեճի առարկա»,- ընդգծում է Խաչատրյանը:
Նա նաև տրամաբանական կապ է տեսնում իրենց գույքի վրա կալանք դնելու և Յուքոմի շուրջ ծավալած իրադարձությունների միջև, սակայն չի ցանկանում որակումներ տալ: Մի քանի օր անց սակայն, Խաչատրյանը խոսեց: Նա նշեց, որ այս թեման հասունացել էր երկար ժամանակ, բայց մինչեւ վերջին պահը հույս կար, որ ողջախոհությունը կհաղթի եւ գործընթացները կմնան տրամաբանության մեջ։ Այսօր արդեն ակնհայտ սուտ տեղեկատվությամբ փորձ է արվում հերթական անգամ մանիպուլացնել հասարակությանը, այն էլ վարչական լծակների կիրառմամբ.
«Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարեւոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը եւս։Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաեւ ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչեւ այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- հայտարարել է «Յուքոմ»-ի համահիմնադիրը։
Նա նաև նշել է, որը ինքը փորձել է ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում է ոչ ստաբիլության կործանարար հետեւանքները իրենց ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական եւ միջազգային գործընկերների, ընթացիկ եւ ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա.
«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել եւ մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ» ասել է «Յուքոմ»-ի համահիմնադիրը։
Խաչատրյանը նաև նշել է, որ հանգամանքերից ելնելով այսօր հանրայնացնում են միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանալ, որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնեն: Եզրափակելով իր խոսքը Խաչատրյանը հիշեցրել է. «Յուքոմ»ը չի վաճառվում ու իրենց արժանապատվությունը սակարկության չի դրվում:
Խաչատրյան ընտանիքի ու «Յուքոմ»-ի գործունեության վերաբերյալ վարչապետի կարծիքն էլ հանրությանը փոխանցեց նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ Ֆեյսբուքյան հանրագրի միջոոցով.
«Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,- ասել է խոսնակը:
Այս հայտարարության կետերին էլ հերթով անրադարձավ տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը: Նա նշեց, որ գրառման մեջի մտքերը, պնդումները, հայտարարություններն ու տեսակետներն ամբողջովին դուրս են Կառավարությանը սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից: Խնդրահարույց ձևակերպումներն ըստ Ավետիսյանի:
Մանե Գևորգյան. «Պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառած վնասը»
Հովհաննես Ավետիսյան. «Որտե՞ղ է ինքնախոստովանանքը թալանի մեջ ներգրավվելու, որտե՞ղ է դատարանի մեղադրական վճիռը, որտե՞ղ է վճռի մաս կազմող և գնահատված պետությանը պատճառած վնասի չափը: Ոչ մի անհատ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի պետության անունից պետությանը պատճառված վնասի չափ որոշել, դրա համար կան օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր»:
Մանե Գևորգյան. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ»:
Հովհաննես Ավետիսյան. «Եթե այս տվյալները հավաստի են, ինչու՞ չկա դատարանի վճիռ, որով Խաչատրանն ու որդիները կրում են իրենց օրինական պատիժը, իսկ պետությանն ու հանրությանը պատճառված վնասները դատարանի վճռով փոխհատուցվել են և դատարանի վճռով է նրանց պատկանող ունեցվածքը պետականացվել»:
Մանե Գևորգյան. «Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե»:
Հովհաննես Ավետիսյան. «Վերոնշյալ միևնույն դիտարկումները. որտե՞ղ է դատարանի վճիռը, Կառավարությունն ո՞վ է, որ իրեն նման իրավասություն վերապահի, այսինքն որոշի անձը իր մասնավոր սեփականությունը կարող է օտարել, թե ոչ»:
Մանե Գևորգյան. «Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը»:
Հովհաննես Ավետիսյան. «Վարչապետը ակնկալու՞մ է...դուք լու՞րջ եք խոսում: Իսկ ինչո՞ւ վարչապետի ղեկավարած քաղաքական թիմը չի ձևավորում այնպիսի իրավապահ համակարգ, որ ոչ թե ակնկալեն, այլ իրավապահներից հստակ գործողություններ տեսնենք»:
Ավետիսյանի կարծիքով՝ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը արդեն հատել է անհեթեթի բոլոր սահմանները: Նրանք շարունակում են գործել ընդդիմադիր գործչի կերպարի մեջ` առանց գիտակցելու, որ հիմա իշխանության կրող են և պետք է գործեն ու խոսեն օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում և պատասխանատվություն ստանձնեն, ոչ միայն իրենց արածների և չարածների համար, այլ նաև հայտարարությունների համար: