Թղթի վրա 100 միլիարդ դրամ՝ քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար
«Փող կա, սիրելի հայրենակիցներ».․․ Խոսքը, ըստ Էդմոն Մարուքյանի, Կենտրոնական բանկում պահվող 300 միլիարդ դրամից ավելի գումարի մասին է: Հենց դրա հույսով էլ Լուսավորը մի քանի օր առաջ առաջարկեց 500 հազար ընտանիքի բաժանել 100-հազարական դրամ, թոշակառուների թոշակն էլ մեկ ամիս կրկնապատկել: Առաջարկն ամերիկյան ու գերմանական փորձից է:
«Երբ մենք ասում ենք, որ այս երկրներում ՀՆԱ-ի այսքան տոկոսի չափով աջակցություն է տրամադրվում, մեզ ասում են, որ դրանք հարուստ երկրներ են, ինչու՞ եք Հայաստանի հետ համեմատում: Ժողովուրդ ջա՛ն, չենք համեմատում. այդ երկրները իրենց ՀՆԱ-ի չափով են աջակցություն տրամադրում, Հայաստանը՝ իր ՀՆԱ-ի չափով պետք է տա աջակցություն»,- ասում է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:
Մարուքյանը նշում է, որ պետական աջակցության ծրագրերի ընդհանուր գումարը չի կազմում երկրի ՀՆԱ-ի 1%-ը: Հավելում է՝ սոցիալական աջակցության 14 ծրագրերի թիրախավորումն այնպես է արված, որ հազարավոր կարիքավորներ դուրս են մնացել այդ ծրագրերից: Այս խնդրի լուծման համար ևս առաջարկ ունեն:
«Մենք առաջարկում ենք հակառակ թիրախավորում, այսինքն գնանք բացառման մեթոդով»,- ասում է Մարուքյանը:
Լուսավորի հաշվարկներով` Հայաստանում ապրում է 650 հազար ընտանիք: Դրանցից 150 հազարին աջակցություն պետք չէ, քանի որ այդ ընտանիքներում ապրում են մարդիկ, որոնք աշխատում են, օրինակ, պետական, հանրային ծառայությունների, ՏՏ և բանկային ոլորտներում կամ տնից են աշխատում: Մնացած ընտանիքների օգնության համար էլ կծախսվի 100 միլիարդ դրամից էլ պակաս գումար:
«Այդ 100 միլիարդից էլի գումարներ են մնում: Մնացածը պետք է փորձել ծախսել բազմազավակ ընտանիքներին որոշակի աջակցություն ցուցաբերելու համար»,-նշում է ծրագրի համահեղինակը:
Ըստ ծրագրի` փողը գեներացվելու է տնտեսության մեջ, իսկ դրա մեծ մասը նորից վերադառնալու է պետությանը: Այս առաջարկի հենց հաջորդ օրն էր, որ օրենսդիրում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ տեղի ունեցավ փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների հայտնի միջադեպը: Այդ ժամանակ ևս Մարուքյանը հնչեցրել էր այս նախաձեռնության մի քանի դրույթ, ինչn էլ վրդովվեցրել էր վերջին շրջանում անընդհատ սկանդալների մեջ հայտնվող Ալեն Սիմոնյանին:
«Այո պոպուլիզմ է, որովհետև այն, ինչ առաջարկվում է, իրականում տեղի է ունենում: Ժողովրդական լեզվով ասած` փող բաժանելը կառավարությունը սենց, թե նենց բաժանում է »,- ասում է Սիմոնյանը:
Այս ամբողջ ճակատամարտում չեզոքություն պահեց «Բարգավաճ Հայաստան»-ը: Լուսավորի նախագծին մակերեսային կերպով անդրադարձավ միայն Միքայել Մելքումյանը:
«Այստեղ հնչող ելույթների տրամաբանությունը հետևյալն է. մի մասն ասում է՝ բերեք փող բաժանենք, մյուս մասը՝ զարգացնենք բիզնեսը, որ աշխատի: Խնդիրը բալանսի մեջ է, պիտի նայենք, որ մի կողմից մարդիկ սովի խնդիր չունենան, մյուս կողմից՝ բիզնեսը սկսի աշխատել»,- շեշտում Մելքումյանը:
Ի վերջո, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Լուսավորին կոչ արեց գալ իրենց հանձնաժողով եւ թղթի վրա ցույց տալ փողերի տեղը: Խոստացավ՝ դրա փոխարեն էլ կաջակցեն ծրագիրը կյանքի կոչելու հարցում: