«Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրենի նկատմամբ առաջադրված երեք մեղադրանքները
Առուստամյանի դեմ հարուցված քրգործից որոշ մանրամասներ է ներկայացրել նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ասելով, որ Առուստամյանը 2009-2011 թվականներին տոկոսով գումար է տվել, որոնց հետ կապված կան փոխառության պայմանագրեր։ Այնուհետեւ պայմանագրի ժամկետները երկարացվել են, և դրանք գործում են նաև այսօր։ Այժմ, ըստ Սուքիասյանի, իր պաշտպանյալին մեղադրում են, որ եթե 10 տարվա մեջ տոկոսները չի ստացել, ուրեմն` կաշառք է տվել այդ գումարը։ Փաստաբանն այս մեղադրանքն անհեթեթ է որակում։
«Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրենի նկատմամբ եւս երկու մեղադրանք է առաջադրված, որից մեկն առնչվում է «Հյուսիս-հարավի» ծրագրի հետ։ Առուստամայնն այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2008-2010 թվականներին, այդ ժամանակ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց հետ գործակցությամբ ՝ «Սթոնս» ընկերությանը մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր առմամբ 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Այս գործի շրջանակում ՀՔԾ- ն դեռ 2019-ի սեպտեմբերին դիմել էր դատարան՝ Առուստամյանին կալանավորելու միջնորդությամբ, դատարանը բավարարել էր միջնորդությունըլ, սակայն օրեր անց Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված 2-րդ քրեական գործը կապված է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպի» կողմից կառուցվող հյուրանոցի շինարարության հետ։ Այդ տարածքում բիզնես ծավալող որոշ ընկերություններ դիմել էին քաղաքապետարանին՝ պնդելով, թե հյուրանոցի կառուցումն իրականացվում է խախտումներով։ Հարուցվել էր վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել էր որոշում՝ վարչական պատասխանատվության ենթարկել ընկերության գլխավոր տնօրենին։ Առուստամյանը տուգանվել էր 200.000 դրամ և ծանուցվել՝ դադարեցնել շինարարական աշխատանքները, սակայն, աշխատանքները շարունակվել էին:
Վարչական նույն իրավախախտումը հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել էր ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա էլ Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝ ընկերության գլխավոր տնօրենին ենթարկել 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:
Այսպիսով՝ Սեդրակ Առուստամյանի դեմ Քրեական գործ է հարուցվել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու մեղադրանքով։ Այս գործի շրջանակում էլ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Սեդրակ Առուստամյանի ձերբակալմանն անդրադարձել է նաեւ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա տրամաբանությունից դուրս է որակել արտակարգ դրության հետևանքով ստեղծված տնտեսական ծանր պայմաններում՝ տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող կոնցեռնի տնօրենին կալանավորելը։