ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 May 2020

Եվրոպական բիզնես ասոցիացիան մտահոգ է Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձություններով

Խաչատրյան ընտանիքի շուրջ ծավալվող իրավական գործընթացները զարգանում են կայծակնային արագությամբ: Երեկ Խաչատրյանների փաստաբանական խումբը նախ հրատապ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը ապրիլի 29-ին ստացել է ծանուցագիր՝ քննչական մարմին ներկայանալու համար: Հետո դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, որի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է գործը քննող քննիչից.
«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և գործի նյութերից և պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Նույն օրը մի քանի լրատվական՝ հղում տալով նույն փաստաբանական խմբին, գրեցին, որ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում։ «Հետք»-ի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասել էր.
«Բնականաբար, ոչ մի հետաքրքիր բան չեն առգրավվել: Սա, իմ կարծիքով, ավելի շատ գործողություն էր՝ գործողության համար։ Ասում են, որ Գագիկ Խաչատրյանը հանդիսացել է ՊԵԿ նախագահ, Գուրգեն Խաչատրյանը նրա որդին է, Սեդրակ Առուստամյանն էլ խոշոր տնտեսվարող է, վերջինս հովանավորչության համար գումար է տվել Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Սա ոչ այլ ինչ է, քան ֆանտազիա»,- ասել է փաստաբանը:

Այսօր արդեն, ծավալվող իրադարձությունների վերաբերյալ անհանգստություն է հայտնել նաև Եվրոպական բիզնես ասոցիացիան.
«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում՝ համատեղ ներդրումային նախագծերի և գործունեության միջոցով։ Կարևոր ենք համարում, որ այս գործոններով պայմանավորված ընկերությունների խմբի և առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաև բացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է և անզգուշությամբ կարող է վնաս հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը՝ միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»,- ասված է հայտարարությունում:
Այս իրադարձություններին նախորդել էր «Յուքոմ» ընկերությոունում ծագած արդեն հայտնի կոնֆլիկտը: Կոնֆլիկտային իրավիճակը հարթելուց հետո Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել «Յուքոմ»-ը։

Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել, և իրենք շարունակում են տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել «Յուքոմ»-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակորեն հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը իր եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։