Ադրբեջանում ավարտվում է նավթային ժամանակաշրջանը
Կորոնավիրուսի պանդեմիան խոր ճգնաժամ է առաջացրել նավթի համաշխարհային շուկայում, արդյունքում՝ այսպես ասած նավթային ասեղի վրա նստած երկրների տնտեսությունները հայտնվել են լուրջ խնդիրների առջեւ: Նավթային ճգնաժամը, բնական է, չի շրջանցել նաեւ Ադրբեջանին, որի ՀՆԱ-ի զգալի մասն ապահովում է հենց նավթային հատվածը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ առանց տնտեսական բարեփոխումների անհնար է երկրի կայուն զարգացումն ապահովել:
«Ես քանի տարի է ասում եմ, որ մենք պետք է պատրաստվենք հետնավթային շրջանին, եւ ահա հետնավթային շրջանն արդեն եկել է: Քանի որ նավթի շուկայի ճգնաժամը չափազանց բացասական ազդեցություն է թողել նավթով հարուստ բոլոր երկրների եկամուտների վրա»,- ասում է Ալիևը:
Ալիեւը ասել է նաեւ,որ իրենց հիմնական նպատակը պետք է լինի ոչ նավթային հատվածի զարգացումը եւ այդ ուղղությամբ ձեռք բերված արդյունքները հիմնվում են հենց այդ բարեփոխումների վրա:
«Թափանցիկության, ազնվության ու բարեփոխումների շնորհիվ՝ Ադրբեջանի բյուջե անցած տարի մուտքագրվել է նախատեսվածից 1 մլդ մանաթ ավելի, եւ այդ միջոցները հնարավորություն են տվել շատ սոցիալական ծրագրեր իրականացնել: Եւ չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ տնտեսական աճ է արձանագրվել, ճիշտ է,փոքր՝ 1,1տոկոս»,-նշում է Ալիևը:
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպումից հետո, Ալիեւի խոսքով, հայտնի է դարձել, որ շատ երկրներում է նկատվում տնտեսական անկում:
«Եւ մեզ մոտ բացառություն չէ, քանի որ պանդեմիան հսկայական բացասական ազդեցություն է թողել երկրի տնտեսության վրա»,-ասում է Ալիևը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, ապա կունենան լրացուցիչ կորուստներ, որոնք կարող են կազմել մոտ 700 մլն դոլար կամ հասնել անգամ 1 մլրդ դոլարի:
Ադրբեջանցի որոշ փորձագետներ կանխատեսմամբ՝ ճգնաժամային իրավիճակը կշարունակվի մինչև տարեվերջ։