ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
02 May 2020

Կիմ Չեն Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվեց հանրության առջեւ

«36 տարեկանում մահացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը»։ Ապրիլի 15-ից ի վեր նմանատիպ վերնագրով լուրեր սկսեցին հրապարակել աշխարհի ամենահեղինակավոր պարբերականները, այդ թվում՝ BBC-ն, CNN-ը, New York Post-ը, Al Jazeera-ն։ Լուրի աղբյուրները հիմնականում նույնն էին եւ այն արժանահավատ էր թվում, քանի որ ապրիլի 12-ից հետո Կիմ Չեն Ընը չէր հայտնվել հանրության առջեւ, ավելին՝ ներկա չէր եղել մի շարք կարեւոր միջոցառումներին:


Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջության հետ կապված առաջին կասկածները հնչեցին, երբ ապրիլի 15-ին նա չմասնակցեց Արևի օրվա տոնակատարություններին, որը նվիրված է իր պապի՝ Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան օրվան։ Այս բացակայությունն աննախադեպ էր, ուստի կասկածների տեղիք տվեց։ Միջազգային լրատվամիջոցներն էլ նշել էին, որ այդ օրը Հյուսիսային Կորեան սովորաբար ցուցադրում է իր ռազմական հզորությունը, որին անձամբ հետևում է երկրի առաջնորդը։ Միջոցառման ավարտից անմիջապես հետո էլ ռազմական շքերթը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, մինչդեռ այս տարի ոչ շքերթը, ոչ էլ երկրի առաջնորդը հեռուստաէկրաններին չհայտնվեցին։
Այուհետեւ տարաբնույթ վարկածներ առաջ քաշվեցին. Սրտի անհաջող վիրահատություն, Մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված բարդացումներից հետո»։ Լրատվամիջոցները դեռ շարունակում էին վարկածների շքերթը, երբ ապրիլի 27-ին շրջանառության մեջ դրվեց Կիմ Չեն Ընի նամակը՝ ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ՀԱՀ նախագահին շնորհավորել էր Անկախության օրվա առթիվ:
Շնորհավորական նամակին հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախագահը հայտնեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի մահացել, այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ չեմ կարող։

Ի վերջո երեկ՝ մայիսի մեկին, 20 օրվա դադարից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնվել է հանրության առջեւ: Նա մասնակցել է Սունչհոն քաղաքում պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը: Կորեայի աշխատանքային կուսակցության լրատվական ծառայությունն հրապարակել է երկրի առաջնորդի լուսանկարները, որոնք արվել են արարողության ժամանակ։
Միջազգային որոշ լրատվամիջոցները, սակայն, թերահավատորեն արտահայտվեցին, ԲԲՍ-ին, օրինակ, գրեց՝ Կիմ Չեն Ընի այցը Սունչհոն ցուցադրվում է մի քանի լուսանկարով, տեսանյութեր նրանք չեն ներկայացնում: Հաստատել այս տեղեկությունն անկախ աղբյուրներից կամ ստուգել նկարների իսկությունը դեռ հնարավոր չէ:
Սակայն, Թելեգրաֆը ժամեր առաջ հրապարակեց նաեւ այդ արարողությունից տեսանյութ:
Իսկ թե ինչով էր պայմանավորված Հյուսիսային Կորեայի առաջնորդի առեղծվածային բացակայությունը՝ պաշտոնական Փհենյանը դեռ չի հայտնել: Թերեւս այդպես էլ չհայտնի կամ էլ հայտնելու դեպքում՝ ճշմարտությունը չհայտնի։