ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
03 May 2020

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ տնային անազատության մեջ

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Մասնագիտական այս տոնը, սակայն, առաջին անգամ մենք՝ լրագրողներս կնշենք տնային անազատության մեջ՝ համակարգիչներին գամված, հաճախ տեղեկություն հայթայթելով ոչ թե անձամբ լինելով իրադարձությունների կիզակետում, այլ օնլայն տիրույթում։

Յուրաքանչյուր տարին եւ յուրաքանչյուր իրավիճակն իր որոշակի կանոններն է թելադրում նաեւ լրագրողների աշխատաոճին։ Այդպիսի աննախադեպ տարի էր 2020թ․, երբ հիպերակտիվ այս մասնագիտության ներկայացուցիչները կորոնավիրուսի համաճարակի պարտադրանքով վերապրոֆիլավորել են իրենց աշխատանքը։

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Մասնագիտական այս տոնը, սակայն, առաջին անգամ մենք՝ լրագրողներս կնշենք տնային անազատության մեջ՝ համակարգիչներին գամված, հաճախ տեղեկություն հայթայթելով ոչ թե անձամբ լինելով իրադարձությունների կիզակետում, այլ օնլայն տիրույթում։

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակեց ՄԱԿ գլխավոր ասամբլեան 1993թ․։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձեւում նշել էր, որ ազատ, այլընտրանքային եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։
Մասնագիտական տոնի օրը սահմանվել է մայիսի 3-ը՝ ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության եւ այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում կազմակերպված սեմինարի ժամանակ։

Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է, որ մամուլի ազատությունը եւ մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Եւ այդ իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են ու իրական ազդեցություն են թողնում աշխարհի բոլոր մարդկանց կյանքի վրա։
Մամուլի ազատության համաշխարհային օրը նաեւ հնարավորություն է՝ նշելու մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատելու մամուլի ազատության վիճակն ամբողջ աշխարհում, պաշտպանելու մեդիայի անկախությունը ոտնձգություններից, հարգանքի տուրք մատուցելու այն լրագրողներին, որոնք զոհվել են մասնագիտական պարտականությունները կատարելիս։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը», որում ՀՀ-ն զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը աշխարհի 180 պետությունների շարքում: «Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ» խորագրով Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները փաստում են, որ մեր երկրում ծաղկում է մեդիա բազմազանությունը, միևնույն ժամանակ 2018թ. գարնանը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը չի կարողացել թուլացնել մամուլի բևեռացվածությունը: Այդուհանդերձ, ըստ զեկույցի, առցանց բարգավաճում է հետաքննող լրագրությունը, ինչը կարևոր դեր է խաղում կոռուպցիայի դեմ համազգային պայքարի գործում:
Հայաստանի հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և գտնվում են համապատասխանաբար 149-րդ, 154-րդ, 168-րդ և 173-րդ տեղերում: «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» առաջատարներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2019թ․ աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ Տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության։
2019թ․ ընթացքում շարունակվել է միտումը, երբ տարբեր պաշտոնյաներ, քաղաքական հայտնի դեմքեր անհարգալից կամ խտրական վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ, կամ անհանդուրժողականություն են ցուցաբերել լրատվամիջոցների ու դրանց ներկայացուցիչների հանդեպ։

Ի տարբերություն հեղափոխական 2018թ․, երբ գրանցվել էին մեծ թվով ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, 2019թ․ դրանց թիվը կտրուկ կերպով նվազել է. գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21–ի դիմաց։ Սակայն կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշը ևս աճ է գրանցել. 2019-ին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։