«Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ». Մնացականյան
«Բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը լրագրողները ևս մեկ անգամ հիշեցրեն ՀՀ արտգործնախարարին՝ խնդրելով՝ հաստատել կամ հերքել այդ փաստաթղթի առկայությունը: Հայաստանի գլխավոր դիվանագետը դիվանագիտորեն պատասխանեց.
«Եղել են մեկնաբանություններ իմ և խոսնակի մակարդակով, հիմա մենք բնականոն պիտի աշխատենք: Նորից այս հարցը թափ տալու կարիք չկա»,- ասաց նախարարը:
«Կա՞ այս հարցում ընկալումների խնդիր, թե՝ ոչ». Ճշտող հարցին ի պատասխան էլ Զոհրաբ Մնացականյանը, կրկին դիվանագիտորեն, հղում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանի հետ տարվող աշխատանքին:
«Մենք ունենք շարունակական ընդարձակ աշխատանք և հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների մասին: Հիմա մի շրջան է, երբ պետք է սպասենք՝ պահպանելով կայունությունը, պահպանելով զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը, հետո ներգրավվել այս աշխատանքի մեջ նորից, ինչպես ծրագրվում էր»,- ասաց նա։
Մնացականյանը նշում է՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Ժնևյան վերջին հանդիպմանը քննարկում է եղել ԼՂ հիմնախնդրի բոլոր հարցերի շուրջ։
«Այս ժամանակահատվածում մենք մշտապես կապի մեջ ենք համանախագահների հետ։ Շատ անմիջական և արագ միմյանց տեղյակ ենք պահում»,- ասաց նախարարը։
Սերգեյ Լավրովը, հայտնի տեսակոնֆերանսի ընթացքում, խոսել էր նաև գազի սակագնի նվազեցման հնարավորությունից: Ասել էր, որ տրամաբանություն տեսնում է գազի գնի վերանայման հարցը բարձրացնելու մեջ, եւ հավելել՝ «բայց այդ դեպքում պետք է մինչև վերջ տրամաբանված լինել»:
«Երբ Հայաստանի և Բելառուսի համար գործող գինը շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն։ Եվ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են և՛ բելառուս գործընկերներից, և՛ հայ գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերությունները, իհարկե, հաշվի են առնվում։ Բայց երևի ճիշտ չէ այդ մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ այն իրավիճակին, որ կար երեք-չորս տարի առաջ: Կոնկրետ Հայաստանի դեպքում, խնդիրներից մեկը այդտեղ ձևավորված ներքին սակագներն են: Դա խրոնիկ ու մի քանի տարի չլուծվող խնդիր է»,- նշել էր նախարարը:
Լավրովը նաև խոսել էր ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում հարուցված քրեական գործերի մասին։
«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում: Մենք մեծ հույս ունենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում`«Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն առանց դրանց խառնելով բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին»,- ասել էր Լավրովը:
Գործընկերոջ այս հայտարարություններին ի պատասխան՝ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը չհերքեց, որ խնդիրներ, իրոք, կան:
«Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որի օրակարգը չափազանց մեծ է: Երկու երկրների հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ։ Գազի հարցը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց Մնացականյանը:
ԱԳ նախարարը կրկին դիվանագիտորեն էլ արձագանքեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմին ինչ-որ բան պարտադրելու հարցադրմանը:
«Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեր ժողովրդի համար անվտանգային միջավայրը դառնում է խոցելի: Մեր աշխատանքային մեթոդը կառուցողական է, և այդ մեթոդով մենք շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակում, երբ մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»,- ասաց Մնացականյանը:
Մնացականյանը անդրադաձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ առաջնագծում առաջիկայում հնարավոր են սրացումներ: Հիշեցրեց՝ «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում»: