ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
05 May 2020

Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում անշարժ գույքի գների կտրուկ անկում է, որից կարող է օգտվել ԱՄՆ-ը

Անշարժ գույքի շուկան եւս անմասն չի մնացել համայնավարակի բացասական ազդեցությունից։ Կորոնավիրուսի հետևանքով ծագած խնդիրներին շուկան արձագանքել է գործարքների թվի կրճատմամբ

Կադաստրի կոմիտեի 2020թ. առաջին եռամսյակի անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն՝ 2019թ․ 4-րդ եռամսյակի համեմատ գործարքները նվազել են 21,6 տոկոսով։ Միայն Երեւանում նվազումը կազմել է 23,2 տոկոս, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 23,0 տոկոս։ ՀՀ-ում 1-ին եռամսյակում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 38,3 տոկոս, գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ 1,4 տոկոսը՝ օրինականացման գործարքների դեպքում։

Հայաստանյան անշարժ գույքի գործակալությունները կանխատեսում են, որ այս տարվա ընթացքում անշարժ գույքի վաճառքի գները կիջնեն ավելի քան 30 տոկոսով, վարձակալության գները՝ 50 տոկոսով: Կորոնավիրուսի հետեւանքով այս տարի զբոսաշրջիկներ չկան, որոնց մեծ մասը սփյուռքահայերն էին, ՌԴ-ից փոխանցվող տրանսֆերտներն էլ կրճատվել են, ինչն էլ հանգեցրել է գների անկման։ Վերջին 2-3 տարում վարկավորման թիվը բավական բարձր է եղել եւ չի բացառվում, որ այժմ վճարումների խնդիրներ լինեն։ Արդյունքում՝ բանկերը կվերցնեն տվյալ գույքը, կհանեն վաճառքի, ինչն էլ իր հերթին կնպաստի գների անկմանը։
Փորձագետների գնահատմամբ՝ վերջին ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում անշարժ գույքի գների ուռճացում է եղել, այս միտումներին Հայաստանը եւս անմասն չի մնացել: ՀՀ անշարժ գույքի շուկայում մոտավորապես 30-40 տոկոսի գների ուռճացում է եղել: Ոլորտի մասնագետները, միաժամանակ, դրական միտումներ են ակնկալում՝ նման ճգնաժամային իրավիճակները զտում են դաշտը՝ թողնելով միայն մեծ խաղացողներին։

Համայնավարակի թելադրած կանոնները բացասաբար են անդրադարձել բնակարանները վարձակալության տվողների ու վաճառողների վրա, եւ տրամագծորեն հակառակը՝ շահեկան վիճակում են գնորդներն ու վարձակալողները՝ գների կտրուկ անկումների շնորհիվ։ Բնակարանների վարձակալության գներն իջեցվում են. նախընտրելի է, որ բնակարաններում մարդիկ մնան, քան բնակարանները դատարկ մնան։
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա մինչև պանդեմիան, փորձագետներն անշարժ գույքի շուկայում գների մեծ աճ էին կանխատեսում՝ պայմանավորված աշխարհի տնտեսությունների շարունակական անկմամբ և դեմոգրաֆիկ շարժով, ինչն էլ պիտի հանգեցներ ոլորտում խոր ճգնաժամի: Մինչդեռ պատկերն այժմ միանգամայն այլ է։

ՌԴ-ում, օրինակ, չկա միանշանակ կարծիք անշարժ գույքի շուկայի մոտ ապագայի մասին։ Ռուսաստանցի փորձագետները պարզապես կանխատեսումներ չեն անում՝ բացատրելով դա կորոնավիրուսով պայմանավորված մի շարք գործոնների անկանխատեսելիությամբ։

Եվրոպական անշարժ գույքի համար փորձագետները որոշ դեպքերում արձանագրում են 20-30 տոկոս գնանկում։ Եվրոպայում դեռեւս միայն կուրորտային գոտիներում, հատկապես Միջերկրական ծովի ափամերձ հատվածում է, որ անշարժ գույքը շարունակում է պահանջարկված մնալ։

ԱՄՆ անշարժ գույքի հայտնի realtor.com պորտալի գլխավոր տնտեսագետ Թիմ Հեյլը, սակայն, կանխատեսում է, որ չինացի ներդրողները կփորձեն փրկել իրենց կարողությունը՝ գումարները տեղափոխելով ներկայումս ավելի ապահով` ԱՄՆ անշարժ գույքի շուկա: Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր բացասական ազդեցությունը Չինաստանի անշարժ գույքի շուկայի վրա, ԱՄՆ-ում նկատվում է անշարժ գույքի շուկայի դրական շարժ: Հեյլը հաստատում է, որ վիրուսի էպիկենտրոն Չինաստանում անշարժ գույքի շուկայում նկատվում է ավելի քան 90% անկում, և այն վերականգնելու համար կարող են տարիներ պահանջվել:

Միացյալ Նահանգների վերաբերյալ նույն դրական կանխատեսումներն է արել նաև երկրի անշարժ գույքի շուկայի մեկ այլ խոշոր խաղացող՝ Nest Seeker International-ի հիմնադիր Էդդի Շապիրոն։ Ըստ նրա հրապարակած տվյալների՝ արդեն իսկ կա չինացի գնորդների կողմից ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռք բերելու միտում։ Դա նկատելի է հատկապես Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Սան ֆրանցիսկոյում: Նրա խոսքով՝ ներկայում ԱՄՆ տնտեսությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ չինացի ներդրողների ներհոսքից այն միայն շահելու է:

Չինաստանում բնակարանների գների անկումն, ըստ մասնագետների, կարող է հասնել վտանգավորության սահմանագծին, քանի որ երկրում շատ քաղաքներ այս պահին ամբողջությամբ փակ են: Չինաստանում ներկայում ակտիվորեն զարգանում են միայն առցանց բիզնեսը: Շատ ընկերություններ առաջարկում են հավելվածներ, որոնց միջոցով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ անշարժ գույք, սակայն դա դեռ այնքան էլ իրատեսական չէ:

Այնուամենայնիվ, ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ վիրուսը հաղթահարելուց հետո, անշարժ գույքի շուկան արագ կերպով և ամբողջովին կվերականգնվի: