ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 May 2020

Գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը օրենքով կարգավորված չէ

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը օրենքով կարգավորված չէ: Հակաբիոտիկներն օգտագործվում են անասնապահության եւ անասնաբուժության ոլորտներում՝ կենդանիների աճի խթանման եւ հիվանդությունների կանխարգելման նպատակով: Օրենսդրական բացը լրացնելու համար էկոնոմիկայի նախարարությունը մշակել է եւ ԱԺ ներկայացրել «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ: Խնդրի կարգավորման արդյունքում հնարավորություն կլինի նվազագույնի հասցնել կենդանու մսի միջոցով մարդու օրգանիզմ ներթափանցող հակամանրէային դեղերի մասնիկների քանակը:

Օրինագծի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը: Մասնագիտությամբ իրավագետ պատգամավորը երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, որ ներկայում կերերի մեջ օգտագործվում են մեծ քանակությամբ հորմոնային հավելումներ, որոնք էլ կենդանու մսի միջոցով փոխանցվում են մարդուն:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի վստահեցմամբ էլ՝ ինքն ավելի քան տասը տարի ուսումնասիրություն է կատարել այդ ոլորտում և հորմոնների մեծաքանակ կիրառման գեթ մեկ դեպք չի հանդիպել: