ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 May 2020

Աշխատավարձ դարձող իմ պարգևավճար. ի՞նչ է եղել և ի՞նչ սպասել

Նախորդ տարեսկզբից, երբ տեղեկություն տարածվեց պետական համակարգի աշխատակիցների ամանորյա բազմամիլիոն պարգևավճարների մասին, թեման դարձավ ու մինչ օրս մնաց ամենաքննարկվողներից: Սկզբում պետական պաշտոնյաները անձնական գաղտնիքի հիմնավորմամբ թաքցրեցին տեղեկությունը: Հետո՝ փաստերի ճնշման ներքո խոստովանեցին, որ տեղեկությունը հավաստի է: Փաստերի հրապարակումից ավելի քան մեկ տարի անց, վարչապետը այսպիսի բացատրություն տվեց.

«Բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար ստանում են իմ անձնական որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգևավճար չեմ ստեցել, ես ուրիշներին եմ նշակել, որպեսզի էդ նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա ու ժողովրդի համար ապահովեն արդյունքներ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Չնայած Փաշինյանը նշեց միայն նախարար-փոխնախարարներին, բայց օրենսդիր իշխանության առանցքային դերակատարները՝ պատգամավորները, պարգևավճար են ստանում ամեն ամիս՝ նվազագույնը մեկ անգամ: Աշխատավարձի հետ, աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճարներն էլ հայրենի օրենսդիրների  քսակը լցնում է մոտ 600 հազար դրամով.

«Դա պետք է համարել, որպես չֆիքսված աշխատավարձ և բոլորը ստանան: Խոսքը կրտսեր, ավագ, առաջատար մասնագետի, բաժնի վարիչի մասին է: Նաև հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին որոշակի հայեցողություն է տրված այս 30 տոկոսը բաշխելու»,- ասում է օրենսդիրի ղեկավարը:

Միրզոյանը նշում է. պետական ծառայության համակարգի բոլոր աշխատողների համար օրենքով սահմանված է աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար: Մինչդեռ 2019-ի դեկտեմբերին պատգամավորները պարգեւատրվել են ոչ ավել, ոչ պակաս… չորս անգամ. երկու անգամ աշխատավարձի 100 տոկոսի չափով, մեկ անգամ՝ 30, մեկ անգամ էլ 20 տոկոս:

Այսպիսով՝ օրենսդիրի ղեկավարը դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է 2.976.300 դրամ: ԱԺ նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն էլ՝ յուրաքանչյուրը 2.222.304 դրամ:

Վարձատրությունից խոսելիս Միրզոյանը հիշել էր համաշխարհային սկզբունքը. վարձատրության չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով, չէր մոռացել  նաև պարգևավճարների ու ողջախոհության կապի մասին.

«Անապահով խավի որոշակի համամասնության կա մեր հասարակության մեջ և չի կարելի շատ չոր ասել, օրինակ, եթե դու օրենք ես ընդունում պիտի ստանաս, չգիտեմ, 10 միլիոն դրամ, թոշակառուն պետք է ստանա 30 հազար դրամ: Սա մի քիչ ողջախոհության սահմաններում պիտի լինի»,- ասում է Միրզոյանը:

Օրենսդիրների պարգևատրումներին ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը.

«Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել: Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը»- ֆեյսբուքյան էջում գրել էր Բաբայանը:

Փաստերի ստուգման հարթակի տեղեկություններով, 2019-ին Ազգային ժողովի պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 416 միլիոն 734 հազար դրամ, դոլարային համարժեքով՝ մոտ 3 միլիոն:

Պարգևավճարների տրամադրումը վարչապետը պայմանավորում է աշխատավարձերի գործող համակարգի այսպես ասած դեֆորմացված լինելով: Այս հարցում Փաշինյանն աջակցություն է ակնկալում մոտ 1.5 միլարդ դրամ պարգևավճար ստացող կառույցից.

«Այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դեֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, կտրանսֆորմացնենք ձեր հաստատումով և աջակցությամբ»,- նշում է Փաշինյանը;

Կառավարության 2019-2020 թթ-ի ծրագրի գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում պետական ֆինանսների կառավարման գործընթացներին առնչվող, շատ հաճախ կարելի է տեսնել թափանցիկություն բառը: Պարգևավճարների հրապարակման պահին սակայն, այդ բառն իր տեղը զիջում է գաղտնի ընթացակարգ ձևակերպմանը: Այդ ձևով, ըստ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, իրականացվել է իրենց պարգևավճարների գործընթացը և հենց այդ հիմքով էր, օրինակ, Հայաստանի բոլոր մարզպետներն ու  նրանց տեղակալները հրաժարվել են PARA TV-ի հարցմանն ի պատասխան ներկայացնել 2019-ին իրենց ստացած պարգևավճարները:  ՀՔԾ ու ոստիկանության պետերն ու նրանց տեղակալներն էլ համաձայնություն չեն տվել իրենց պարգեւավճարների չափը հրապարակել: ՀՔԾ-ն, առհասարակ հրաժարվել է որևէ տվյալ ներկայացնել, նույն կերպ է վարվել նաև ՊՆ-ն՝ այն հիմնավորմամբ, թե դա ծառայողական գաղտնիք է։ ԱԱԾ-ն էլ նույն հիմքով ասել է միայն, որ աշխատակիցները պարգևավճար կամ 13-րդ աշխատավարձ չեն ստանում:

Կառավարության կազմից հնգօրյա ժամկետում ամբողջական տեղեկություն են տրամադրել միայն ԱԻՆ-ն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Սոցնախը պարգևավճարների համար 2019-ին տրամադրել է 94 միլիոն դրամ։ Մոտավորապես 9 միլիոն 400 հազար դրամ պարգևավճար ստացել է նախարար Զարուհի Բաթոյանը, իսկ տեղակալները յուրաքանչյուրը՝ մոտ 6 միլիոն 600 հազարական դրամ։  ԱԻՆ-ը հատկացվել է 1 միլիարդ 833 մլն, 530 հազար դրամ։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը երբևէ պարգևավճար չի ստացել։ Նախարարի 3 տեղակալներից յուրաքանչյուրն էլ տարվա ընթացքում ստացել է մոտ 1 միլիոն դրամ պարգևավճար։ 

Շրջակա միջավայրի նախարարությանը 2019 թ-ի պարգևատրումների համար հատկացվել է մոտ 2 միլարդ 40 միլիոն դրամ։  Նախարարի և տեղակալների պարգևավճարների վերաբերյալ առանձին տեղեկություն նախարարությունը չի տրամադրվել՝ չնշելով որևէ պատճառաբանություն։ 

2019-ին ազգային ժողովից ավելի շատ՝ մոտ 2 միլիարդ դրամ պարգևավճար էլ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը, ճիշտ է, գումարից բաժին է հասել նաև վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին: Հարցման պատասխանում նշվել է, որ քաղաքապետ Մարությանը ոչ մի անգամ պարգեւվճար չի ստացել։ Իսկ ահա նրա տեղակալները, խորհրդականները, մամուլի քարտուղարը միայն 4-րդ եռամսյակում  ստացել են 840 հազարական դրամ պարգեւավճար։