ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 May 2020

ՔԿ պետի տեղակալից ԱԱԾ պետի տեղակալ` ընդամենը մի քանի ժամում

Այժմ արդեն ԱԱԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի՝ անհավանական կարճ ժամկետում տարբեր պաշտոնների նշանակվելը եւ, ընդհանրապես, նրա աշխատանքային գործունեությունն առնվազն տարակուսանքի տեղիք են տվել։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին նշանակվելուց ընդամենը մեկ օր առաջ Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Այդ ընթացքում նա հայտարարում է, թե չգիտի՝ ինչ ոլորտներով է զբաղվելու։ Ժամեր անց ազատվում է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու անմիջապես նշանակվում ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղյակ չի եղել իր տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին, եւ հանկարծակիի է եկել՝ տեղեկանալով հրամանագրի մասին։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակի կերպով ամրագրում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Արգիշտի Քյարամյանն իր զբաղեցրած պաշտոններով չէր կարող նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Իրավիճակը շտկելու համար վարչապետ Փաշինյանը նրան նախ գործուղեց ՔԿ՝ թեկուզեւ մեկ օրով, ապա՝ ԱԱԾ։ «Մի կարեւոր շեշտադրում եմ ուզում անել, որի մասին գրեթե բոլորը լռում են․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ վարչապետի անհատական իրավական ակտերը, որով Քյարամյանը նշանակվել է ՔԿ պետի տեղակալ, ուժի մեջ են մտնում հրապարակման կամ հաջորդող օրը։ Հիմա այս պարագայում, երբ Քյարամյանը ՔԿ պետի տեղակալի պաշտոնում մնացել է ընդամենը 12 ժամ եւ, ըստ էության, օրն էլ չի փոխվել, եւ անձն ազատվել է ՔԿ պետի տեղակալի պաշտոնից, ապա իրավական առոմով բավական լուրջ կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք Քյարամյանը զբաղեցրե՞լ է ՔԿ պետի տեղակալի պաշտոնը»,- PARA.TV-ի հետ զրույցում ընդգծեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նույն հոդվածի 6․1 մասով սահմանվում է, որ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, ոստիկանության, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ՝ Կառավարությունն օրենքը փորձում է մեկնաբանել կամայական կամ թերի։ «Մամուլում հրապարակումներ եղան Կառավարության որոշման մասին, որով սահմանվում է պաշտոնների համատեղելիությունը, որպես հակափաստարկ՝ բերվում է, որ ՔԿ պետի տեղակալի պաշտոնը հավասար է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին։ Այո, հավասար է, սակայն այս որոշումը ոչ թե միտված է ցույց տալու համար, որ դու այս պաշտոնից կարող ես գնալ այն պաշտոնին, այլ որոշման իմաստը՝ տարբեր մարմիններում պաշտոնակից անձանց հիերարխիկ հարցերը կարգավորելն էր»,- նկատեց իրավաբանը։

Իրավաբան Հայրապետյանն ընդգծում է՝ օրենքը բավականին որոշակիություն ունի եւ տարընկալման առիթ չի տալիս։ ՔԿ-ից եւս հավաստիացրել են, որ մեկ օրվա ընթացքում Արգիշտի Քյարամյանին նոր կոչում չի շնորհվել։ «Օրենքը ԱԱԾ տնօրենի համար սահմանում է հետեւյալը․ ուզում եմ մեջբերել օրենքից՝ ով ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում։ Այս պարագայում Քյարամյանը նախկինում ունեցել է փոխգնդապետի կոչում, եթե չեմ սխալվում՝ ՊԵԿ-ում աշխատելու ժամանակ, որը որեւէ կերպ չի բավարարում ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանը»,- վստահեցրեց Ռոբերտ Հայրապետյանը։

Արգիշտի Քյարամյանի նշանակումը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ ամիսներ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը սկզբում՝ առաջին ընթերցմամբ, կողմ քվեարկեց, իսկ արդեն 2-րդ ընթերցման ժամանակ մտափոխվեց ու դեմ արտահայտվեց։ Նախագծով առաջարկվում էր ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական։
Այս նշանակումը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ ամիսներ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը սկզբում՝ առաջին ընթերցմամբ, կողմ քվեարկեց, իսկ արդեն 2-րդ ընթերցման ժամանակ մտափոխվեց ու դեմ արտահայտվեց։ Նախագծով առաջարկվում էր ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական։ «Քաղաքական ճանապարհով ոստիկանության պետ կամ ԱԱԾ-ի տնօրեն կամ տեղակալ նշանակված անձանց, որ քաղաքացիական անձինք են, պետք է տանք, առնվազն, գնդապետի, հետագայում նաեւ գեներալի կոչում։ Ու սա դեֆորմացիոն պրոցես է»,- 2019թ․ դեկտեմբերի 4-ի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելուն կարճ մեկնաբանություն է տվել՝ օրենսդրական կարգավորումների շրջանակում քաղաքական որոշում։

Արգիշտի Քյարամյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2019թ․ գարնանը, երբ ՊՎԾ պետի տեղակալն էր եւ Կառավարության նիստին եկել էր Դավիթ Սանասարյանի փոխարեն, որի լիազորությունները քրեական գործի շրջանակում այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել էին։ Քյարամյանն ամեն կերպ փորձում էր խուսափել լրագրողների հարցերին ուղիղ պատասխանելուց եւ հատկապես վրդովվել էր, երբ նրան հարց էր ուղղվել իր հայտարարագրած ունեցվածքի մասին։ «Զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որեւէ մեկի ունեցվածքն ու կարողությունը․․․էն, որ ես պաշտոնյա եմ, դրա մասին ես վաղուց գիտեմ»,- 2019թ․ ապրիլի 25-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Արգիշտի Քյարամյանը։

Սա այն դեպքում, երբ 2017թ. Երեւան քաղաքի դատախազության դատախազ աշխատած տարիներին նա ընդամենը 26 տարեկան էր, եւ արդեն հայտարարագրել էր բավական պատկառելի ունեցվածք՝ անհատական 2 բնակելի տուն, 4 հողամաս, 1 անշարժ գույք, 1 ավտոտնակ, թանկարժեք զարդեր, 32 մլն դրամ եւ 48 հազ. դոլար դրամական միջոցներ։

Հաջորդ օրն արդեն Քյարամյանը մտափոխվում է եւ ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանում է տալիս․ «Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը»։

Հաշվետո՞ւ էր արդյոք Արգիշտի Քյարամյանն իր ունեցվածքի հարցում: Այս հարցին արձագանքեց նաեւ վարչապետ Փաշինյանը։ «Ես կպարզեմ․․․ ինքը սխալ ա ասել․․․»,- 2019թ․ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանն վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի հայտարարությունից հետո Քյարամյանն, ի վերջո, որոշեց անկեղծանալ եւ առավել մանրամասն ներկայացնել իր ունեցվածքի ծագումը։ «Իմ եւ վարչապետի միջեւ ունեցած խոսակցությունը կամ վարչապետից պարզաբանում ստանալու հանգամանքը հրապարակման ենթակա չէ։ էդ գույքը փաստացի մինչեւ հայտարարագրման ենթակա պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ։ Հետեւաբար, վստահաբար կարելի է ֆիքսել, որ դա չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում»,- 2019թ․ մայիսի 2-ի Կառավարության նիստից հետո ասել էր Արգիշտի Քյարամյանը։

Կարճ ժամանակ անց Քյարամյանը նշանակվեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա այն դեպքում, երբ ըստ օրենսդրության՝ պետք է տեղակալներից տարիքով ավագը նշանակվեր, մինչդեռ Քյարամյանն այդ պահանջը չէր բավարարում։ Այս հարցում նա իր պատկերացումներն ուներ։ «Որքանով, որ ես եմ տեղյակ՝ օրենսդրությունում նման բան կա, սակայն եթե որեւէ առաջարկություն ներկայացվի որեւէ տեղակալի, այդ դեպքում այդ կանոնը չի գործում»,- հայտարարել էր նա։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը: