ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
09 May 2020

«Կոլցո» օպերացիայից անցել է 29-ը տարի

Ավելի քան 100 սպանված, հարյուրավոր վիրավորներ, խոշտանգվածներ, բազմաթիվ գերեվարվածներ, ձերբակալվածներ, անհետ կորածներն ու անհայտ ճակատագրեր:

Սա «Օղակ», առավել հայտնի՝ Кольцо լայնամասշտաբ գործողության հետեւանքներն են. գործողություն, որը իրականացվեց 1991թ գարնան ու ամռանը խորհրդային ու Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախի հայ բնակչության դեմ: Սա պետական ահաբեկչության դրսևորում էր՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ հայկական բնակավայրերը տեղաբնակ հայերից ազատելու նպատակով:

Արդյունքում՝ իրենց պատմական բնակավայրերից բռնի տեղահանվեց մոտ 25 հազար խաղաղ բնակիչ՝ մոտ 25 հայկական գյուղերից:
Գործողություննների նախնական պլանը հետեւյալն էր՝ խորհրդային զորքերը 1991թ. ապրիլի 29-ի լույս 30 -ի գիշերը, շրջափակում էին հայաբնակ գյուղերը։ Ադրբեջանական ՕՄՕՆ-ականները ներս էին մտնում Արցախի հյուսիսային դարպասը համարվող Գետաշեն և հարևան Մարտունաշեն:


Գործողությունն իրականացվեց, խաղաղ բնակչությունը տեղահանվեց՝ թալանի, բռնությունների ու խոշտանգումների ուղեկցությամբ: Ոչ մի բնակիչ չմնաց, գյուղերը թալանեցին ու հանձնեցին օմօնականներին, շատ չանցած դրանք բնակեցվեցին ադրբեջանցիներով։ Գետաշենում մինչեւ այդ ապրում էր 5000 մարդ: Շաբաթներ անց՝ 1991 թվականի հունիսի 14-ին «Բակինսկիյ Ռաբոչիյ» թերթը գրելու էր՝ Գետաշենում արդեն բնակվում է 3.000 ադրբեջանցի։
«Կոմերսանտ» թերթը գրեց՝ «Որքան էլ սարսափելի լինեին տեղահանման արդյունքները, դրանք չէին կարող բավարարել ոգեշնչողներին։ Բաքվում դժգոհ էին տեղահանման թափով, և Ադրբեջանի ղեկավարությունը պահանջում էր բանակի ավելի ակտիվ գործողություններ»:
Մայիսի կեսերին «Օղակն» ուղղություն վեցրեց դեպի արևելք՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական 4 գյուղեր: Գործողությունները տարածվեցին ամբողջ Արցախով։ Հադրութի շրջանի գյուղերը հարձակման ենթարկվեցին հուլիսին։ Հայաթափվեցին Խանլարի շրջանի Ազատ, Գետաշեն, Մարտունաշեն եւ Շահումյանի շրջանները , Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը: Այդ գյուղերի ամբողջ բնակչությունը բռնի կերպով տեղահանվում է, մի մասը` սպանվում: Բերդաձորի ենթաշրջանում վերաբնակեցվում են 132, Հադրութի շրջանում` 245 ադրբեջանական ընտանիք:
«Կարնեգի» հիմնադրամի բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս գործողությունները այսպես է նկարագրում ՝ «առաջին և վերջին խորհրդային քաղաքացիական փոքր պատերազմն էր, անհավասար պատերազմ, որի մի կողմում տեղաբնիկ հայությունն ու վերջիններիս օգնության եկած կամավորներն էին, մյուս կողմում՝ խորհրդային ստորաբաժանումները, որոնց աջակցում էին ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատները»
Կարծիք կա, որ «Օղակ» գործողությունը պատժամիջոց էր հայերի դեմ՝ ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին մասնակցությունից հրաժարվելու համար։ Հանրաքվեն նախատեսված էր 1991թ-ի մարտի 17-ին, որին չեն մասնակցել բալթյան հանրապետությունները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը։
«Գետաշենը նվեր էր Ադրբեջանին` Հայաստանին պատժելու համար»,-1991 թ. մայիսի 12-ին հայտարարել էր ՀՀ նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հավելել էր՝ իրադարձությունները տեղի ունեցան Գետաշենում, որովհետև այն անընդհատ փշի նման անհանգստացնում էր Ադրբեջանի իշխանություններին, և նրանք ծրագրում էին ազատել Գետաշենը, կազմակերպել տեղահանությունը: Այդ նվերը նրանց տրվեց:

1990-91թթ-ին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովի վկայությամբ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության արտաքսման պլանը մշակվել էր դեռևս 1990թ-ի աշնանը և վերջնականապես հաստատվել 1991թ-ի փետրվարին՝ Ադրբեջանի գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ:
Օղակ գործողության արձագանքները հասել էին նաեւ Եվրախորհրդարան, որը 1991թ-ի մարտի 14-ին բանաձև էր ընդունել՝ կոչ անելով ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովին «դադարեցնել հայերի անվտանգության նկատմամբ ոտնձգությունները Ղարաբաղում և հարակից հայաբնակ շրջաններում, որոնք ակնհայտորեն փորձ են արվում զանգվածաբար վերաբնակեցվել»:
«Օղակ» գործողությանը իրենց զեկույցներում անդրադարձել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: