Ծեծկռտուք ԱԺ ում․ Փաշինյանն այն քստմնելի սադրանք անվանեց, Մարուքյանը լքեց դահլիճը
ԱԺ նիստն այսօր սկսվեց բավական բարձր տրամադրությամբ եւ ոչինչ չէր գուժում, որ կես ժամ անց նիստերի դահլիճը պիտի վերածվի ծեծկռտուքի թատերաբեմի։
Կառավարության անդամների մասնակցությամբ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ-ն սովորական ընթացակարգով շարունակեց 2019թ․ Գործադիր մարմնի կատարողական ծրագրի քննարկումը։ Նիստի սկզբում բոլորը նախ միահամուռ կերպով շնորհավորեցին «Իմ քայլը» խմբակցության անդամ, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին՝ տարեդարձի առթիվ, ապա՝ հիշեցին, որ այսօր մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման օրը։
Ամեն ինչ հարթ էր գնում մինչեւ այն պահը, երբ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ու անդրադարձավ այն հայտարարություններին, թե աջակցության ծրագրերի համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն զանգող մարդկանց տալիս են «Լուսավոր Հայաստան» խմբակցության համարը․ «Ես նման դեպք չգիտեմ, սակայն ես դեպքեր գիտեմ, երբ ԼՀԿ-ից իմ համարն են տալիս։ Զանգում են ձեզ, օգնեք»,- հայտարարեց Բաբկեն Թունյանը։
«Գալիս եք մեծախոս ձեւով, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում-բան, էս էլ իմ համարն է, ժողովուրդ, ու համարն ամբիոնից ասում է։ Դրանից հետո 120 զանգ եք ստանում, ասում եք՝ ԼՀԿ-ն է համարս տվե՞լ․․․Մեծ մարդ ես․․․Լավ անցնենք առաջ։ Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա-բան, նման բաներ եք ասում․․․ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում․․․չեք լսում մինչեւ վերջ․․․նման բաներ, որ ասում եք, լարվածություն է առաջացնում, քանի որ յուրաքանչյուր ոք կսկսի մտածել, որ իր մասին եք խոսում, մի արեք նման բան»,- ի պատասխան ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանի հենց այս խոսքերն էլ հունից հանեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը նախ նստած տեղից լեզվակռիվ սկսեց, ապա վեր կացավ եւ անցավ բռունցքների։
Այս ամբողջ տեսարանը տեղի էր ունենում ՀՀ վարչապետի ու Կառավարության անդամների ներկայությամբ։ Միմյանց հարվածող պատգամավորներին փորձում էր բաժանել նաեւ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ կոչ արեց՝ վրդովված պատգամավորները դահլիճից դուրս գան, ապա՝ փորձեց նիստը շարունակել՝ ամբիոնի մոտ հրավիրելով Էդմոն Մարուքյանին՝ ընդհատված ելույթը շարունակելու համար։ «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ։ էն ո՞վ էկավ, թաքուն մեջքից խփեց։ Ա, իմ վիզը կտրող չի ծնվել, հերիք է էստեղ շմայիսություն անես․․․հանգիստ քեզ պահի․․․ հերիք է՝ էս մշակույթը էլ էստեղ չի լինելու, հեղափոխությունը եղել է հենց այս մշակույթը վերացնելու համար»,- վստահեցրեց Էդմոն Մարուքյանը։