Պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցողներ՝ քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովում
Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարութունից օրեր անց՝ մայիսի 31-ին ստեղծվեց` «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»-ը։
Ի՞նչ գործառույթ է իրականացնում հանձնաժողովը․
Հանձնաժողովն ամիսներ շարունակ ուսուոմնասիրում է ՝ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության հետ կապված հարցեր։
Նաև՝ հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքությունն ու դեպքերին տրված իրավական գնահատականների հիմնավորվածությունն ու օրինականությունը։
Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները․
11 պատգամավորից բաղկացած հանձնաժողովին ի սկզբանե իրավասություն էր տրվել նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող ակտեր, հրամաններ, ռազմական խորհրդի հաշվետվություններ, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր:
ParaTv-ն ուսումնասիրել է քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամների կենսագրությունը։ Նախ ուշագրավ է, որ նրանց թվում կան զինված ուժերում չծառայածներ, մեծ մասն էլ առհասարակ առնչություն չի ունեցել պաշտպանության ոլորտի հետ։
Հանձնաժողովի նախագահը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, տեղակալը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ Եթե Քոչարյանն ունի ոլորտի հետ ուղիղ առնչություն եւ ժամանակին եղել է ՊՆախարարի տեղակալ, ապա տեղակալ Վարդանյանը չի ծառայել բանակում, եղել է մի շարք ընկերությունների տնօրեն, այնուհետև՝ ՀՀ քաղաքաշինության նախարար։ Ի դեպ, Վարդան Վարդանյանի անունը շրջանառվում էր Հանրային գրադարանի նորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովում ևս մեկ պատգամավոր կա՝ Սողոմոն Սողոմոնյանը, որը երկար տարիներ եղել է «Հայձուկ» ձկնաբուծական գործարանի տնօրեն, ապա ղեկավարել է Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժինը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի անդամներ են Ռուբիկ Ստեփանյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս մինչև պատգամավոր դառնալը քաղաքացիական ակտիվիստ էր, տարբեր նախաձեռնությունների անդամ։ Իսկ ահա Ռուբիկ Ստեփանյան երկար տարիներ եղել է Ներքին գործերի աշխատակից՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Մինչ 2016 թ. «Նուբարաշեն» ՔԿՀ պետն էր։
Ապրիլյան քառօրյա դեպքերը քննող հանձնաժողովում, բացի Անդրանիկ Քոչարյանից, կա ևս 6 իմքայլական պատգամավոր։
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը, Սյունիքի առեւտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ Տիգրան Կարապետյանը։ Կարապետյանը չի ծառայել բանակում, երկար տարիներ աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ-ում՝ ապրանքագետից դառնալով գործադիր տնօրեն։
Հանձնաժողովի անդամ է նաեւ Սասուն Միքայելյանը՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար:
Նախկին քաղակտիվիստներ Արեն Մկրտչյանն ու վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը ևս ընդգրկված են քննիչ հանձնաժողովում։ Քաղաքական անցյալ չունեցող պատգամավորները հանրությանը հայտնի դարձան 2018 թ-ի հեղափոխության օրերին։
Արեն Մկրտչյանի կենսագրությունից տեղեկանում ենք՝ չի ծառայել ՀՀ զինված ուժերում, երկար տարիներ եղել է 1in.am կայքի սպորտային բաժնի խմբագիր, «SOS» հաղորդաշարի սցենարիստ, իսկ 2018 թ-ին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական։
Սիփան Փաշինյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, մինչեւ հեղափոխությունը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, աշխատել է «Մեր տպարան» ՍՊԸ-ում՝ որպես տպագրիչ։
Հանձնաժողովի միակ կին անդամը Քրիստինե Պողոսյանն է։ Մինչև պատգամավոր դառնալը պաշտոններ է զբաղեցրել Երևանի կոնյակի գործարանում, Շինանյութերի և ջեռուցման համակարգերի ներմուծմամբ զբաղվող «Իմեքս գրուպ»-ում: Հեղափոխությունից հետո նշանակվել է ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական, այնուհետև ընտրվել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Հանձնաժողովի անդամների կողմից հարցաքննված բարձրաստիճան պաշտոնյաները․
Այս հանձնաժողովը՝ այս կազմով, արդեն հարցաքննել է բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների։ Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու առաջինը կանչվել էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Քիչ բան է հայտնի այս հարցաքննությունից։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանը պատրաստակամությամբ է մասնակցել հանձնաժողովի նիստին։
Սեյրան Օհանյանից հետո հանձնաժողով են հրավիրվել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի նիստին։
Իսկ ահա Սերժ Սարգսյանը շուրջ 5 ժամ տևած նիստից հետո հայտարարել էր՝ նիստին մասնակցելու իր որոշումն ամբողջությամբ արդարացված է։
ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. նախատեսված օրը մայիսի 13-ն է։
Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Քոչարյանի խոսքով՝ արդեն 100 ժամից ավելի տեսաձայնագրություն ունեն, որն ուսումնասիրելուց հետո աշխատալու են հանրությանն իրազեկող զեկույցի վրա։