ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
12 May 2020

ԶՊՄԿ-ն Երեւանի ԲԿ-ներին նվիրաբերել է թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նվիրաբերած շնչառական այս սարքերը միտված են կյանքեր փրկելու։ Կոմբինատի նվիրաբերությամբ Սբ Գր․ Լուսավորիչ բժշկական կենտրոնը համալրվեց թոքերի արհեստական օդափոխության 4 սարքով, որոնք անհրաժեշտ էին հատկապես այս օրերին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «ԶՊՄԿ-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, նաեւ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որոշում կայացրեց թոքերի արհեսատական օդափոխության սարքեր ձեռք բերել եւ տրամադրել ՀՀ եւ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններին»,- տեղեկացրեց ԶՊՄԿ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։

Սրանք թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքեր են։ Հայ եւ չինացի մասնագետների հետ միասին է քննարկվել եւ որոշվել՝ ինչ մոդելի, տեսակի սարքեր են անհրաժեշտ ձեռք բերել, որոնք առավել արդյունավետ կլինեն համաճարակի դեմ պայքարում։ «ԶՊՄԿ-ից ստացել ենք նվիրատվություն՝ արհեստական շնչառության 4 CPAP ապարատ։ Դրանք շատ ակտուալ են, առավելեւս ներկա պահին՝ կորոնավիրուսային հիվանդների բուժման համար․ բոլորս գիտենք, որ բուժման գործընթացը կազմակերպելու ընթացքում հաճախ մեզ անհրաժեշտ է լինում լինում օգտագործել նման ապարատներ, քանի որ հիվանդների մոտ հաճախակի զարգանում են շնչառական խնդիրներ»,- ընդգծեց Սբ․ Գր, Լուսավորիչ բկ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Պետրոս Մանուկյանի խոսքով՝ այս սարքավորումներն այսօր խիստ անհրաժեշտ են՝ շնչառական խնդիրներով հիվանդների թիվը մեծանում է, իսկ նրանց բուժման համար հաճախ են կիրառվում այս ապարատները։ «Բոլորին կցանկանամ առողջություն, թող հիվանդներ չլինեն, ապարատները լինեն ընդամենը մեր ապահովության երաշխիքը։ Հետագայում եւս համոզված եմ, որ կորոնավիրուսի համավարակից հետո այս ապարատները կկիրառվեն նպատակին՝ ըստ անհրաժեշտության»,- վստահություն հայտնեց Պետրոս Մանուկյանը։

«Մեր տնօրինությունն ու ղեկավարությունը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից այս որոշումը կայացրեց, պարզապես սարքերը մի քիչ ուշ հասան ՀՀ՝ զուտ լոգիստիկ խնդիրների պատճառով․ բժշկական սարքավորումները երկրից երկիր տեղափոխելը մի փոքր դժվար էր»,- նկատեց ԶՊՄԿ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։

ԶՊՄԿ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունն առողջապահության ոլորտում այսքանով չի սահմանափակվել։ Կոմբինատի ջանքերով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը եւս համալրվել է թոքերի արհեստական օդափոխության 3 սարքով։ «Ամբողջ աշխարհում շնչառական սարքերը դիֆիցիտ են եւ չեն հերիքում ընդհանրապես, քանի որ կորոնովիրուսով պացիենտների մոտ հիվանդությունն հիմնականում ուղեկցվում է ծանր թոքբորբով, եւ իրենց պետք է լինում արհեստական շնչառություն միացնել։ Մեր կենտրոնը դեռ կարիք ուներ համալրվելու շնչառական սարքերով։ Այս սարքերը շատ կօգնեն մեր հիվանդներին՝ պայքարել իրենց առողջության համար»,- վստահեցրեց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն կլինիկայի պատասխանատու Հայկ Անտոնյանը։
Եւս 2 սարք ԶՊՄԿ-ն կտրամադրի առողջապահության Արցախի հանրապետության նախարարությանը։ «Մեր Կոմբինատի ղեկավարությունը եւ բազմահազարանոց կոլեկտիվը շարունակելու է ջանք ու եռանդ չխնայել եւ շարունակելու է լինել մեր հայրենակիցների կողքին ցանկացած դժվարին իրավիճակներում»,- հավաստիացրեց Զարուհի Տոնապետյանը։

Ի դեպ, թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սարքեր, ինչպես նաև՝ մի շարք հարակից բժշկական պարագաներ Կոմբինատն անցած շաբաթներին նվիրել է նաեւ Սյունիքի մարզի՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքաների բժշկական կենտրոններին։