Թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական զառանցանքը. թիրախում՝ Երեւանը եւ ՀՀ այլ տարածքները
Զառանցա՞նք, թե՞ իրականություն: «Արեւմտյան Ադրբեջանի կամ Իրեւանի Հանրապետության վտարանդի կառավարության». այս ազդեցիկ անվանումով այսպես կոչված կառավարության ստեղծման մասին հայտարարվել է օրեր առաջ: Թուրք-ադրբեջանական տանդեմի այս անհեթեթ նախաձեռնության խմբի ղեկավար էլ ընտրվել է Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գաֆար Չախմախլին։
Իսկ ի՞նչ է անելու վտարանդի այս կառավարությունը: Չախմախլին ներկայացրել է մի քանի հեռանկարային քայլեր. դե նախ ստեղծելու են Ազգային խորհուրդ, այնուհետեւ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, հետո ձեւավորվելու է կառավարություն: Թե ովքեր են մասնակցելու, այսպես կոչված, ընտրություններին, նախաձեռնոող խմբի ղեկավարը չի ասել, փոխարենն ասել է, թե որն է այս վտարանդի կառավարության նպատակը:
Իսկ ի՞նչը կարող է լինել Թուրքիայի եւ նրա արբանյակ Ադրբեջանի գլխավոր նպատակը. իհարկե, հայկական հողերը, պատմությունն այս պնդման բազմաթիվ ապացույցներն ունի: Իսկ եթե կոնկրետ Չախմախլիի խոսքերը վկայակոչենք, ապա կստացվի հետեւյալը՝ «Իրեւանի Հանրապետության» նպատակը «պատմական հողերը վերադարձնելն է»: «Պատմական հողերն» էլ ենթադրում են ոչ ավել, ոչ պակաս Երեւանը, Սյունիքը, Սեւանը, Գյումրին եւ Հայաստանի Հանրապետության այլ տարածքները: