ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
14 May 2020

Անընդունելի շեշտադրումներ հայկական կողմի համար. Մնացականյան- Մամեդյարով հեռավար բանավեճը

ԱՊՀ երկրների արգործնախարարները կրկին հավաքվել են: Իրավիճակի թելադրանքավ, այս անգամ կլոր սեղանին փոխարինել է տեսակապը: Քննարկվել են օրակարգային մի քանի հարցեր՝ կորոնավիրուսի համավարակի համատեքստում: Օրակարգը, սակայն, Հայաստանի ու Ադրբեջանի համար համալրվել է ևս մեկ հարցով, բնական է՝ Լեռնային Ղարաբաղի: Էլմար Մամեդյարովն առիթը բաց չի թողել ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դիվանագետների մոտ քննադատելու հայկական կողմի հայտարարությունները.

ԱՊՀ երկրների արգործնախարարները կրկին հավաքվել են: Իրավիճակի թելադրանքավ, այս անգամ կլոր սեղանին փոխարինել է տեսակապը: Քննարկվել են օրակարգային մի քանի հարցեր՝ կորոնավիրուսի համավարակի համատեքստում: Օրակարգը, սակայն, Հայաստանի ու Ադրբեջանի համար համալրվել է ևս մեկ հարցով, բնական է՝ Լեռնային Ղարաբաղի: Էլմար Մամեդյարովն առիթը բաց չի թողել ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դիվանագետների մոտ քննադատելու հայկական կողմի հայտարարությունները.

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմն անում է հնարավոր ամեն ինչ ՝ խոչընդոտելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացումը ՝ դրանով իսկ ստեղծելով նոր սպառնալիքներ տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Մամեդյարովը:
Մամեդյարովն ասել է նաեւ, որ Ադրբեջանը լիարժեք իրավունք ունի վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը՝ բոլոր միջոցներով: Իսկ իր ժողովրդին էլ ներկայացրել է որպես բռնության զոհ.

«Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորմանը: Միևնույն ժամանակ, բանակցությունները չեն կարող հավերժ ձգվել և չպետք է ծառայեն այն իրավիճակի շարունակականությանը, որը ծագել է ուժի գործադրման, օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում: Հակամարտությունների շուտափույթ հնարավոր կարգավորումը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության հիման վրա, անկասկած, կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալական առաջընթացին և տարածաշրջանում տնտեսական գործակցությանը»,- նշել է ադրբեջանի ԱԳ նախարարը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ, ի պատասխան, անընդունելի է համարել իր Ադրբեջանցի գործընկերոջ շեշտադրումները.

«Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են»,- հիշեցրել է Մնացականյանը:

Խնդրի խաղաղ կարգավորում ձևակերպումը Մնացականյանը մի քանի անգամ կրկնել է իր կարճ ելույթում.

«Այս հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար»,- նկատել է նախարարը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, իր նշած մոտեցմամբ էլ մեր երկիրը շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը: