ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 May 2020

Ավանդական խախտումներ Ադրբեջանից. հակառակորդի զորավարժությունն ու հայկական արձագանքը

Մինչև 10.000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, հրթիռային և հրետանային տարբեր տրամաչափերի 200 զինատեսակ, բազմակի կրակահերթի հրթիռային և ականանետային համակարգեր, բանակային և առաջնային ավիացիայի մինչև 30 ստորաբաժանում, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: Այպիսի համալրվածությամբ օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունն  Ադրբեջանը նախատեսում է անցկացնել մայիսի 18-22-ը: Հակառակորդի պաշտպանական գերատեսչությունը չի նշում զորավարժության տարածքը.

«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության, գործողությունների պլանավորման և համակողմանի ապահովման հարցերը, տարբեր տեսակի զորքերի հրամանատարական փոխգործակցությունը, ինչպես նաև կստուգվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված մարտական խմբերի կրակի և մանևրելու հնարավորությունները»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայարարության մեջ:

Զորավարժությունն ունենալու է բացառապես հարձակողական բնույթ   որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: Հայկական կողմն էլ արդեն օպերատիվ  արձագանքել է նախաձեռնությանը: ՊՆ-ն միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել հակառակորդի ավանդական խախումների վրա:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է»,- հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը հակառակորդին զսպվածություն դրսևորելու և միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները հարգելու կոչ է անում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և

կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»,-զգուշացրել է ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, կորոնավիրուսի համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում: