ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 May 2020

«Այբ»-ում ԿԳՄՍ-ն դեռ խնդիրներ է ման գալիս․ քրեական գործ չի հարուցվել

«Այբ կրթական հանգույց» հիմնադրամի գործունեության վերաբերյալ ՀՀ դատախազությունը քրեական որեւէ գործ չի հարուցել։ Լրատվամիջոցներում այս լուրը հրապարակվեց ի պատասխան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարության, թե դպրոցի գործունեության հետ կապված մեծ խնդիրներ կան եւ իրենց կատարած ուսումնասիրությունն ուղարկել են իրավապահ մարմիններին՝ քննության:
ՀՀ գլխավոր դատախազությունը նախարարության ներկայացրած ուսումնասիրությունը քննել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, սակայն նյութեր չի նախապատրաստել: ԿԳՄՍ նախարարությունն իրավապահ մարմիններին հանձնած ուսումնասիրության մեջ՝ որպես խնդրահարույց ոլորտներ, նշել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի բովանդակությունը, ֆինանսները, ծրագրի ներդրումը:

«Այբ» կրթական հիմնադրամն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դրական են գնահատում, որ վերջապես հնարավորություն կլինի իրավական հարթությունում տեղեկանալու, թե ինչ «խախտումներ» բացահայտեցին տարիուկես առաջ ավարտված ուսումնասիրությունները, և լիարժեքորեն լույս սփռելու հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերի վրա։ «Բովանդակային ուսումնասիրության արդյունքները մինչ օրս չենք ստացել: Այդ ընթացքում հիմնադրամում անցկացվեց նաև ողջ գործունեության համալիր հարկային ստուգում, որի արդյունքներով որևէ խախտում չարձանագրվեց։ Ինչպես և ամեն տարի, օրենքով սահմանված կարգով, այս տարիներին հիմնադրամում ևս իրականացվել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ, որի արդյունքները ևս որևէ խնդիր չեն հայտնաբերել»,- ասված է «Այբ» կրթական հիմնադրամի հայտարարության մեջ:

«Այբ» դպրոցի շուրջ ծավալվող իրադարձությունները նոր փուլ մտան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ-ում մայիսի 6-ին արած հայտարարությունից հետո։ Նա ասել էր, որ այս բարդ գործը հանձնարարել է ուժային կառույցներում բավական մեծ փորձ ունեցող իր նոր խորհրդականին։ Նախարարի խոսքով՝ նոր խորհրդականն իրեն զեկուցել է, որ դպրոցում, իրոք, մեծ խնդիրներ կան եւ բացի այդ՝ Արայիկ Հարությունյանն ինքը չի ուզում, որ նախարարությունն ու անձամբ ինքը ներքին խմորումների մաս դառնան՝ այս կամ այն կողմ հրահրելով զարգացումները։
Դպրոցը նախարարության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2018թ. մայիսի 22-ին, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակավ հայտարարեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրում «խախտումներ» կան։ Շուրջ 8 ամիս նախարարությունը հիմնադրամում իրականացրեց ծրագրի ֆինանսական, ապա նաև՝ բովանդակային ուսումնասիրություններ։ Ի դեպ, ֆինանսական ուսումնասիրությունների առաջին փուլից հետո համաձայնագրով հաստատվեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի ծախսած գումարների նպատակայնությունը։

Այդ ժամանակ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «էլիտարիզացնել կրթությունը»։ Մեսրոպ քահանա Արամյանի արձագանքն իր հասցեին արված մեղադրանքներին չէր ուշացել: «Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար»,- ասել էր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

«Այբ»-ը հիմնադրվել է 2006թ․ եւ նպատակ ունի ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ Նախատեսված էր, որ դեռ 2018թ․ սեպտեմբերից ՀՀ 14 մարզային դպրոցներում պետք է ներդրվեր Արարատյան բակալավրիատի ծրագիրը, որը մինչև օրս չեղարկված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Նախարար Հարությունյանը հայտարարել էր, թե այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, անընդունելի է։
Մինչդեռ Արարատյան բակալավրիատի ծրագրով նախատեսվում էր ավագ դպրոցներում կրթությունն իրականացնել Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ գործակցությամբ կատարելագործված և միջազգայնորեն ճանաչված միակ հայալեզու ծրագրով։