Կորոնավիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ
«Խաղի նոր կանոնները սահմանում է պարերատունը, դրանց կիրառմանը շատ խիստ հետևելու է ոստիկանությունը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից է՝ արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու համատեքստում։
Մարտի 16-ին հայտարարված, մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրությունը կշարունակվի մինչև հունիսի 13-ը, սակայն արդեն որոշ մեղմացումներով ու մի շարք սահմանափակումների վերանայմամբ ։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Ավինյանն այս ամենին զուգահեռ հավելեց՝ մայիսի 25-ից պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց տարածքներում։ Որոշ պատգամավորներ պարետատան այս որոշումները խնդրահարույց համարեցին՝ ասելով, որ դրանք կարող են բազմաթիվ անհարմարություններ ստեղծել։ Ավինյանն էլ հակադարձեց՝ վարակվելն ավելի մեծ անհարմարություն կարող է ստեղծել։
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին անդրադարձն էլ մեղմ ասած հուսադրող չէր՝ ասաց՝ համայնավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո․
Իսկ ահա ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը երեկ հանդես է եկել առավել հոռետեսական հայտարարությամբ ու նշել՝ կորոնավիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ։
«Սա այն է, ինչից մենք բոլորս վախենում ենք՝ մի շրջան, երբ առողջապահական աղետին հաջորդում է տնտեսականը, դրան կրկին հաջորդում է առողջապահական աղետը, հետո՝ կրկին տնտեսականը: Կորոնավիրուսը կարող է ևս մեկ էնդեմիկ, հաստատուն հիվանդություն դառնալ: Այս վիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ, ճիշտ այնպես ինչպես դա տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի հետ»:
Իսկ, թե աշխարհի բազմաթիվ երկրներում,այդ թվում՝ Հայաստանում, դեռ որքան կտեւի սահմանափակումների ռեժիմը՝ դժվար է ասել։ Այս պահի դրությամբ կա որոշում՝ դիմակ չդնելու դեպքում՝ 100 հազար դրամ տուգանք: Տիգրան Ավինյանը տուգանքի չափը մեծ է համարում, թերևս դիմեն Արդարադատության նախարարություն՝ այն վերանայելու խնդրանքով։ Այսուհանդերձ, հավելում է՝ տուգանքի մասին պետք չէ մտածել, պետք է մտածել չվարակվելու ու չվարակելու մասին։