ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
18 May 2020

«Ես ինձ իրավունք չեմ վերապահի իր հարցին պատասխանել»․Ն․Փաշինյանը՝ PARA.TV լրագրողի հարցին ի պատասխան

ՀՀ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում վերջին շրջանի նշանակումները տարակուսանքի առիթ էին դարձել, մասնավորապես՝ տեւական ժամանակ ձգձգվում էր ուժային այս կառույցների ղեկավարների նշանակումը, որոշ դեպքերում էլ հակառակը՝ հապճեպ նշանակումներ արվում: Այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր լրատվամիջոցի ուղղած հարցը ոչ միայն կոնկրետ պատասխան չստացավ, այլեւ անորոշ արձագանք ունեցավ։ «Ես, ճիշտն ասած, զարմացա, որ վերջում հեղինակը հարց է ձեւակերպել, քանի որ, ոնց որ թե, ինքը գիտի՝ ես ինչ եմ մտածում, ում եմ վստահում, ում չեմ վստհում, իմ մտացածներից որն է ճիշտը, որն է սխալը, այնպես որ՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի իր հարցին պատասխանել, քանի որ ինքն ամեն ինչ գիտի, ընդհակառակը՝ ե'ս պետք է հարցնեմ․․․ էն անեկդոտ կա, չէ, որ ասում է․ «Սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեզ հետաքրքրող հարցը հետեւյալ ձեւակերպումն ուներ՝ պարոն վարչապետ, դուք բավական ուշ պաշտոնների նշանակեցիք Ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին։ Տպավորություն էր, որ դեռ երկմտում եք՝ նրանց վստահելու հարցում։ Ձեր անվստահությունը, կարծես թե, արդարացված էր, եթե հաշվի առնենք Գավառի կրակոցներն ու հիվանդանոցի ներխուժումը, երբ ոստիկանությունը թերացավ իր աշխատանքում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ֊ին, ապա նորանշանակ պետի նկատմամբ ձեր անվստահությունը, կարծես թե, արտահայտվեց նոր տեղակալի` Քյարամյանի նշանակմամբ։ Նրա հարցում դուք այնքան շտապեցիք, որ անգամ օրենքի խախտում թույլ տվեցիք․ առանց պատշաճ կոչման նրան նշանակեցիք ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Արգիշտի Քյարամյանի անունը նաև կապված է մի շարք սկանդալների հետ` ունեցվածքի, քավոր֊սանիկական կապերի, ՊՎԾ պետի պաշտոնում իր անգործության հետ։ Թե Ոստիկանությունում, թե ԱԱԾ֊ում այսօր նույն անվստահության մթնոլորտն է կադրերի շրջանում, որն էլ անդրադառնում է նաեւ նրանց աշխատանքի վրա։ Արդյո՞ք նշանակումների առումով ձեր այս քայլերի մեջ կան կոնկրետ միտումներ։