ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
19 May 2020

Պետությունը չպետք է ՀԿ-ներին ներգրավի Լանզարոտեի կոնվենցիայով նախատեսված պարտավորություններն իրականացնելու գործում. հոգեբան

Ազգային ժողովի կողմից օրեր առաջ վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ, ինչպես առավել հայտնի է՝ «Լանզարոտեի» կոնվենցիայի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Կոնվենցիայի ամենազգայուն, միաժամանակ առանցքային ու խնդրահարույց դրույթներից է տարրական և միջին դասարաններում սեռական թեմատիկայով կրթական ծրագրերի պարտադիր ներդնումը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է երեխաներին տեղեկացնել սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված հնարավոր վտանգների մասին։

Բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, հոգեւորականներ մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանում կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան ու սեռական բռնությունների դեմ պայքարողները մեծ մասամբ եվրոպական ազատ արժեքներ կրողներն ու ԼԳԲՏ անձանց ներկայացնող հայտնի կազմակերպություններն են։ Պնդում են՝ կոնվենցիայի վավերացմամբ այդ արժեքները ներմուծվելու են դպրոցներ։