ՀՀ-ից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկի արտահանում` առանց ծածկագրի առկայության
Հայաստանից նախորդ տարի մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել ՌԴ՝ մեկ գրամը 29 դոլարով: Սա այն ոսկին չէ, որն արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, ոչ էլ ոսկերչական իրերն են: «Հետք» էլեկտրոնային թերթը՝ ռուսական fontanka.ru-ի հետ գործակցությամբ, փորձել են պարզել ապրանքի ծագումն ու արտահանողին։ Համեմատության համար նշենք, որ ոսկին, որը արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, 2019թ․ արտահանվել է 1 գրամը միջինը 38.4 դոլարով:
Այս պատմությունը հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ է, երբ Հայաստանից այդ գնով ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվում, որի ծագումն առնվազն կասկածելի է։ Հետքի համար հիմք են հանդիսացել ինչպես Մաքսային ծառայության բաց տվյալները, այնպես էլ ՀՀ՝ 2019թ․ արտահանման վիճակագրությունը, ըստ որի՝ առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում թռիչքային ձևով հայտնվել է «թափոն և ջարդոն թանկարժեք մետաղի կամ մետաղի, պատած թանկարժեք մետաղով» ապրանքախումբը՝ 7112 ծածկագրով։
2019թ․ այս ծածկագրով ՀՀ-ից արտահանվել է 163 տոննա ապրանք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 88 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ․ համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ, իսկ մաքսային արժեքը՝ 8.9 անգամ։ ՀՀ-ից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում 7112-ը 7-րդ տեղում է։
ՊԵԿ-ն ի պատասխան «Հետք»-ի հարցման սկզբում հայտնել է, որ արտահանվել են հիմնականում էլեկտրոնային սալիկների, ավտոկատալիզատորների, ռադիոէլեկտրոնային էլեմենտների թափոն և ջարդոն, որոնք պարունակում են թանկարժեք մետաղ։ Ավելի ուշ, երբ լրատվամիջոցին հայտնի են դարձել որոշ տվյալներ, ՊԵԿ-ը կարճ պարզաբանում է արել՝ ՀՀ-ից ՌԴ այս ապրանքախմբի ներքո արտահանվել են ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ։
Սկզբնաղբյուրը՝ hetq.am