ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
20 May 2020

Պուտինը մերժեց Հայաստանի եւ Բելառուսի` գազի վերաբերյալ առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը։ «Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման եւ տարանցման ծառայությունների համար առաջարկվող միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է իրագործվել միայն միասնական շուկայում, որը միասնական բյուջե եւ հարկման համակարգ կունենա: Նման խոր ինտեգրում ԵԱՏՄ-ում դեռ չկա»,- ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ Պուտինի՝ այժմ գազի սակագները պետք է ձևավորվեն՝ ելնելով շուկայական կոնյուկտուրայից, հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները: Նրա պնդմամբ՝ սա սովորական համաշխարհային պրակտիկա է եւ, բացի այդ, ԵԱՏՄ-ում գազի շուկայում սակագների ձևավորման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ՝ փորձագիտական մակարդակով: «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես բացառել ԵՏՄ զարգացման ռազմավարության նախագծից՝ այն այսօր հավանության արժանացնելու համար»,- ավելացրեց Վլադիմիր Պուտինը:

Պաշտոնական Երևանը շեշտել է, որ hամաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: «Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,- ընդգծել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ելնել նրանից, որ «մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները: «Մեր Միությունը պետք է ձգտի փուլային տարբերակով հասնել այս նպատակին, որը կստեղծի բարենպաստ պայմաններ՝ Միության կազմում որակապես նոր ու խորը տնտեսական զարգացման»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բնական և տրամաբանական չէ, երբ Բելառուսին իր դաշնակից Ռուսաստանը բնական գազը վաճառում է 127 դոլարով, իսկ Եվրոպային՝ 65-68 դոլարով: Նրան հատկապես վրդովվեցրել էր, որ ՌԴ-ն Գերմանիային բնական գազը վաճառում է 70 դոլարով, ու սա այն դեպքում, երբ միասնաբար նշեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը։
2020թ․ հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019թ․ մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018թ․ 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն 2-րդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ կամ մոտավորապես 290 դոլար: «Գազպրոմ-Արմենիա»-ն տարեսկզբին դիմել էր ՀԾԿՀ՝ սակագնի վերանայման համար։Մարտի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին»՝ գազի գինը վերանայելու հարցով` հաշվի առնելով համաշխարհային շուկայում գնի նվազման միտումը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

«Երբ Հայաստանի և Բելառուսի համար գործող գինը շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն։ Եվ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է»,- ասել էր Լավրովը