ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
20 May 2020

Նուբար Աֆեյանի ընկերությունը հաջողության է հասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման փորձերում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման ամերիկյան առաջին փորձը դրական է:
ԱՄՆ Մասաչուսեթս նահագի Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը մայիսի 18-ին հայտարարել է, որ փորձնական պատվաստանյութը՝ mRNA-1273-ը, կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ հակամարմիններ է առաջացնում մարդու օրգանիզմում:

Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցել են 18-55 տարեկան 45 կամավոր: 15 հոգանոց խմբերի բաժանված կամավորները ստացել են համապատասխանաբար 25, 100 և 250 միկրոգրամ պատվաստանյութ՝ երկու անգամ՝ 28 օր տարբերությամբ: Ամենացածր դեղաչափ ստացած կամավորների օրգանիզմում ի հայտ են եկել նույն մակարդակի հակամարմիններ՝ ինչպես կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված հիվանդների մոտ:
Բարձր դեղաչափ ստացած կամավորների օրգանիզմում հակամարմինների մակարդակն ավելի բարձր է եղել։