ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
22 May 2020

ՊԵԿ-ն իրեն մեղավոր չի համարում․ Փաշինյանի աներորդին դատական հայց է ներկայացրել մի խումբ անձանց դեմ

ԵԱՏՄ-ում ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից»: Սա հատված է ՊԵԿ-ի պարզաբանումից՝ մամուլում շրջանառվող Հայաստանից ՌԴ մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքի առնչությամբ:
Ըստ այդմ, ըստ ՊԵԿ-ի, այս դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից, եւ մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են:

Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական տեսանյութում հայտարարել էր, որ մայիսի 9-ին մաքսանենգ ծխախոտով լի 2-րդ ինքնաթիռն է Հայաստանից ուղեւորվել ՌԴ՝ այս անգամ Վորոնեժ: Օդանավում եղել է 18 տոննա 831 կիլոգրամ ծխախոտ, որը, ըստ Մինասյանի, ձևակերպված է եղել` որպես товары народного потребления:
EADaily ռուսական պորտալի փոխանցմամբ՝ ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Ըստ լրատվամիջոցի՝ այն հայտնաբերել է ճանապարհային ոստիկանությունն եւ ուղարկել փորձաքննության: Վորոնեժի օդանավակայանի մոտակայքում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատար է սպասելիս եղել՝ բեռը Ստավրոպոլ հասցնելու համար:

Infoport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ուղարկված ծխախոտի բիզնեսի հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Ըստ լրատվամիջոցի՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում։
Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ Արամ Խռանյանը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է «Արամչո» անունով։ Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպեն դրա իրացումը, արդյունքում էլ՝ միլիարդավոր դոլարների եկամուտ կունենան։

Այս պլանը կազմակերպելու համաձայնությունը ստանալու համար՝ Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին: Զարմիկ Փաշինյանն էլ ասել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, իսկ վերջինիս միջամտության հարցն էլ կազմակերպելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի միջնորդությունը։ Այս շղթայի արդյունքում, ըստ ռուսական լրատվամիջոցի, Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո մաքսանենգ ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել Ռուսաստան։

Ըստ Infoport-ի՝ Հայաստանից ծխախոտի ապօրինի արտահանման փաստը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում,, որ անցած երկու-երեք տարվա ընթացքում ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող 7 ընկերության վճարած հարկերի ծավալը կրկնապատկվել է։ Նրանց թվում է «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը, որն իր հայտարարության մեջ նշել է, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածքում հայտնաբերված մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից արտահանված ծխախոտային արտադրանքի տեղափոխման հետ, քանի որ իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։

Մանրամասները՝ տեսանյութում