ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
28 May 2020

Ինչո՞ւ էր հանրապետության հիմնադրումը մտահոգել զորավար Անդրանիկին

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակից հետո 1918 թ․ մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, Հայոց ազգային խորհուրդը հայտարարում է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են նաեւ «20-րդ դարի Ավարայր»։

Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց՝ 1918 թ․ մեզ կրկին հաջողվում է պետականություն ունենալ՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այն ուներ ընդամենը 11-12 հազար քառ․ կմ տարածք, մոտ 700 հազար բնակչություն։ Հիմնադիր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, 1918-ի հունիսի 4-ին Բաթումում պայմանագիր է կնքում Օսմանյան կայսրության հետ: Հենց այս հանգամանքն էլ վստահություն չէր ներշնչել զորավար Անդրանիկին, համոզված էր, որ Արեւմուտքի թելադրանքով թուրքերի կողմից հայերին անկախություն պարտադրելն անկեղծ չէ եւ դրա տակ բազում ականներ կան:

Բաթումի՝ հայ-թուրքական հաշտության պայմանագրով Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայաստանի կողմից այն ստորագրում են Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Պապաջանյանը։ Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվում է առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունենում Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվում է հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ է ընտրվում Ավետիք Սահակյանը՝ Հայր Աբրահամը: Առաջին կառավարության վարչապետ էլ նշանակվում է Հովհաննես Քաջազնունին, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյանը, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյանը։