Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման բանակցություններն ընթանում են գաղտնի ռեժիմով․ Անդրանիկ Քոչարյան
Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նոր առաջարկի մասին պաշտոնական Բաքուն այս անգամ էլ դիրքորոշում չի հայտնել, փոխարենը գործի է դրել իր գրպանային դիվանագետներին։ Ադրբեջանի նախկին Արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն իշխանական Haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է, որ Փաշինյանի համաձայնությունն Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման առաջարկին բնավ չի նշանակում հարցի լուծում։ Զուլֆուգարովի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետը համաձայնություն է տվել մասնակցել մի գործընթացի, որը կարելի է անվերջ ձգձգել։
Նախկին արտգործնախարարը, փաստացի ներկայացնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում ներկայացնել ավելի լուրջ փաստաթուղթ, որով կճանաչվեն նաև երկու հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը և նրանց ինքնիշխանության փոխադարձ հարգումը։
Ադրբեջանից հնչող նման հայտարարությունները դեմ են Հայաստանի հանրապետության սկզբունքներին։ Պաշտոնական Երևանը տարանջատում է սահմանանազատման հարցն Արցախի հարցից, այն է Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ոչ թե Երևանի և Բաքվի միջև։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման ու սահմանազատման հետ մեծ հույսեր է կապում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա համոզված է, որ սահմանագծումից ու սահմանազատումից հետո կվերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: