ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
29 Apr 2022

Այդ անպատիվ դերը՝ Փաշինյանին պաշտպանող ոստիկանը

Այդ անպատիվ դերը՝ Փաշինյանին պաշտպանող ոստիկանը

Ընդդիմադիր պայքարի ակտիվացմանն ու փողոցային ակցիաների վերամեկնարկին զուգահեռ՝ ոստիկանությունը դարձյալ անցել է հին ու մաշված մեթոդներին՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ կիրառելուն։ Այդ կառույցն այսօր ամենաանպատվաբեր գործառույթն է իրականացնում՝ փաստացի կրծքով պաշտպանելով հայրենավաճառ իշխանությանն ու նրա առաջնորդին, մեկ անձի պահպանությունը վեր դասելով օրենքից ու բարոյականությունից։ Պատվախնդիր սպաները կհրաժարվեին նման հրամանների կատարումից, մինչդեռ բարձրացված աշխատավարձի ու պարգևավճարների գայթակղությանը տրվելով՝ ոստիկանները, մոռանալով Շուշիի մշակույթի տանը զոհված իրենց տասնյակ ծառայակից ընկերների հիշատակը, ուրանալով նրանց արյունը, իբր հասարակական կարգ են պահում։

Ընդդիմադիր պայքարի այս փուլում, առավել քան երբևէ, հանրային ախտերը ջրի երես են ելել, և պատվախնդիր ուսադիրավոր գտնելը գրեթե անհնար է։ Ոստիկանության ղեկավար կազմն զբաղված է ակնհայտ ապօրինի հրամանների կատարումով, փոխանակ պայքարի օրավուր աճող հանցավորության դեմ։ Իշխանափոխության դեպքում իրավախախտ ոստիկանները չպետք է ներվեն, նրանք պետք է արձանագրվեն անվանապես և պատասխան տան իրենց կիրառած անհամաչափ ուժի համար։ Ակնհայտ ապօրինի հրաման կատարող ուժայինների վարմունքը պետք է արժանանա ամենախիստ քրեաիրավական գնահատականի։ Մինչդեռ նրանք, թերևս, մտածում են, որ եթե առայսօր որևէ մեկը չի պատժվել, ապա իրենք էլ խույս կտան պատասխանատվությունից։

Իրականում պատվախնդրության և սպայի պատվի ջրբաժանն անպատվությունից առավել քան հստակ է՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, դրանից հետո իշխանությանը ծառայություն մատուցող, առավել ևս՝ բողոքի և ընդվզման արդար ալիքի դեմ ձեռք բարձրացնող ուժայինները երիցս արժանի են հանրային պախարակման։ Սոցիոկրիտիկ զանգված հավաքվելու և ժողովրդական ցասման ալիքի քաղաքական ուղղորդման դեպքում ոչ մի ոստիկան չի պաշտպանի Փաշինյանին։ Նա խոր մոլորության մեջ է՝ կարծելով, թե ոստիկաններին սոցիալական երաշխիքներ տալով՝ ինքը հուսալիորեն պաշտպանված է։ Ընդ որում, որքան ավելի շատ է վտանգվում այս վարչախմբի պաշտոնավարման հեռանկարը, այնքան ավելի լկտի ու անթաքույց են սպառնում սեփական ժողովրդին։

Դեռևս մեկ տարի առաջ՝ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիաների օրերին, տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն սպառնում էր կրակել ցուցարարների վրա պետական հաստատություններ ներխուժելու դեպքում։ Թերևս, նրանք արդեն իսկ հրաշալի հասկանում են, որ անխուսափելի իշխանափոխությունից հետո չափազանց վատ դրության մեջ են հայտնվելու և պատասխան են տալու իրենց ամբարտավան կեցվածքի համար։ Մանր ու մեծ ՔՊ-ականների գիշերային մղձավանջը հենց այդ գիտակցումն է, որ վաղ թե ուշ դատապարտվելու են իրենց վարմունքի և հանցակցության համար։ Դա, սակայն, նրանց կամավոր ընտրությունն է, այդ նրանք են գնացել չարիքի հետևից՝ օրինականացնելով հայրենավաճառությունը, և հավասարապես պատասխանատու են այս ազգային աղետի համար։

Նույնիսկ պարտությունից հետո տասնյակ առիթներ կային՝ լքելու կառավարող ուժը, սակայն նրանք դա չեն արել, հետևաբար՝ զուրկ են տարրական բարոյականության զգացողությունից։ 2018-ի հեղափոխական զանգվածի բացարձակ մեծամասնությունը, ինչ-որ փուլում հասկանալով, որ ձեռք է մեկնել ազգադավին, հետ է կանգնել և զղջացել իր քայլերի համար, իսկ առայսօր Փաշինյանին անվերապահ հավատացողներն ու պաշտպանողները, ըստ ամենայնի, ո՛չ խիղճ, ո՛չ էլ խելք ունեն։

Ժամանակին զանգվածային անկարգություններ հրահրելու համար երկու տարի բանտարկված, ապա համաներմամբ ազատ արձակված Փաշինյանը, որը Վճռաբեկ դատարանի կողմից արդարացվեց ընդամենը շաբաթներ առաջ, բախտի բերմամբ հայտնվել է մի դերում, որտեղ կարող է անարգել իր կամքը թելադրել, վրեժ լուծել քաղաքական հակառակորդներից, անարդարությունը բացառելու փոխարեն՝ ծաղկեցնել այն։ Փաշինյանն անձամբ հեռախոսային հրահանգներ է տալիս դատարանների նախագահներին, օրինակ՝ մեկ տարի առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ բոլորի աչքի առջև՝ սրճարանում: Վրեժխնդրություն՝ ահա Փաշինյանի կենսունակության աղբյուրը:

Թափ առնող բողոքի խաղաղ ակցիաները ճնշելու դեպքում պայքարը միայն ուժգնանալու է, և ժողովուրդը դիմելու է ընդհուպ ծայրահեղ, արմատական քայլերի։ Իսկ ոստիկանները, բնականաբար, իշխանության նավը ճոճվելու դեպքում հրաժարվելու են ապօրինի հրամանների կատարումից։ Ու չնայած հնչեցրած սպառնալիքներին և Երևանում արյուն հեղելու մեծագույն ցանկությանը՝ Փաշինյանին դա չի հաջողվելու, նրա անունից ոչ ոք չի կրակելու ժողովրդի վրա, և անպաշտպան ու միայնակ մնալով՝ նա ստիպված թողնելու է իշխանությունը։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան