ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
03 May 2022

Արցախի և Սյունիքի փրկության բանալին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում

Արցախի և Սյունիքի փրկության բանալին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում

Մինչ Արցախում և Սյունիքում տասնյակ սահմանապահ համայնքների բնակիչները թշնամական զորքերի ուղիղ նշանառության տակ են, փաստացի սահմանագիծն էլ՝ թերկահավորված ու անպաշտպան, Երևանի կառավարական շենքերի պետական պահպանությունը գնալով ուժեղացվում է՝ ամեն օր նորանոր ոստիկանական շղթաներով։ Մինչ իշխանությունը ցինիկաբար պնդում է, թե Արցախն ու Սյունիքն անվտանգ են, և այնտեղ անլուծելի խնդիրներ չկան, Հայաստանի ամենաանվտանգ վայրը դեռևս շարունակում է մնալ ոստիկանության զորքերի հսկողությանը հանձնված կառավարական կեցավայրը։ Իշխանության որևէ ներկայացուցիչ վաղուց չի այցելում ո՛չ Արցախ, ո՛չ Սյունիք, տեղյակ չէ, որ հայապատկան բնակավայրերից մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ դավադրաբար հանձնված գերիշխող բարձունքներում, թշնամին է, հետևաբար՝ անվտանգության սպառնալիքն էլ գյուղացունն է, հո իրենցը չէ՞։ Կարևորն իրենք պետական կամ օլիգարխական թիկնազորի պահպանության ներքո են՝ հեռու թշնամական դիտարկման տեսադաշտից։

Փաշինյանը պատրաստ է ոչ միայն Գորիս-Կապան կամ Կապան-Ճակատեն ավտոճանապարհները, Շուռնուխը, Որոտանը, Հին Թաղերը կամ Փառուխը, այլև ամբողջ Արցախն ու Սյունիքը թողնել թշնամու վերահսկողությանը, միայն թե իր «անվտանգության գոտին»՝ կառավարությունից մինչև Կոնդի կեցավայր, ապահով ու երաշխավորված լինի։ Նույնիսկ այդ դեպքում, սակայն, նա այդ ճանապարհին արյուն է հեղել՝ մի անմեղ հայուհու ու նրա չծնված երեխայի արյունը։

Փաշինյանի ստորագրած զիջման ակտերն անգամ չեն գործում, թշնամին նույնիսկ դրանք է ոտնահարում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ որի՝ զորքերը պետք է զբաղեցնեին այդ պահին առկա դիրքերը, վաղուց խախտված է, քանի որ ավելի ուշ՝ դեկտեմբերի 18-ին կնքված գաղտնի եռակողմ հուշագրով, հայկական կողմը դավադրաբար հետ քաշվեց Սյունիքի իր դիրքերից՝ փաստացի զիջելով հարավի ամբողջ անվտանգության գոտին և բացելով բնակավայրերի թիկունքը։ Արցախցին և սյունեցին այսօր անհանգստության և անորոշության բովում են։ Վերջին մի քանի ամսում թշնամին Արցախում նոր բարձունքներ է նվաճել, Սյունիքում արդեն մոտ մեկուկես տարի է՝ ճանապարհամերձ բլուրների վրա թշնամական դրոշներ են, ադրբեջաներեն ցուցանակներ, պարբերական կրակահերթեր՝ նպատակաուղղված սահմանամերձ համայնքների հայաթափմանը, հոգեբանական տեռոր՝ ամեն պահի մեր ինքնիշխան տարածքում գերեվարվելու և հաշվեհարդարի ենթարկվելու վախով։

Աղավնոն, Բերձորը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը կորստյան շեմին են, քանի որ Բաքուն զբաղված է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցմամբ՝ իբր մեզ համար՝ Արցախի հետ անխափան կապ ունենալ նպատակով։ Եռակողմ պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է երեքուկես տարի, Բաքուն ատամները սրած հետհաշվարկ է անում՝ ռուսական խաղաղապահ զորքն Արցախի հայապատկան հատվածից հանել տալու հեռահար ակնկալիքով։ Մինչդեռ փաստն այն է, որ ոչ միայն Արցախում, այլև անգամ Սյունիքի սահմանամերձ տարածքներում բացառապես ռուս խաղաղապահների և սահմանապահների ներկայությունը, ռուսական դրոշն է մեր բնակիչների անվտանգության երաշխիքը։

Այս իրողությունների հաշվառմամբ՝ Սյունիքում, հատկապես սահմանապահ դարձած տասնյակ համայնքներում, պետք է կատարելապես նոր ենթակառույցներ, նախևառաջ՝ ճանապարհներ և ինժեներական կառույցներ ստեղծվեին, մինչդեռ առայսօր որևէ քայլ արված չէ։ Տաթև-Աղվանի իբր նորակառույց ճանապարհն արդեն կիսավեր է, իսկ ամրաշինական աշխատանքներ կատարելու փոխարեն՝ մեր զինվորները շարունակում են բաց տարածքում գերեվարվել թշնամուն։ Արցախի հայության գոյության միակ երաշխավորի՝ հիմնական ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի, և Սյունիքի ամբողջականության պահպանման միակ շահառուի՝ բարեկամ Իրանի հետ մեր հարաբերությունները զրոյացած են, գլխովին տապալված։ Այս քաոտիկ և անորոշ իրադրությունում անհնար է անգամ կանխատեսել, թե այդ երկրները, այլ ճակատներում զբաղված լինելով, ինչ հնարավոր «զիջման» կարող են գնալ՝ Արցախի և Սյունիքի ճակատագիրը թողնելով բացառապես ապիկար և դավադիր վարչախմբի ուսերին, որն արագորեն կհանձնի դրանք։

Հայաստանն այսօր ունի ընդամենը մեկ հրատապ ներքաղաքական խնդիր՝ դավադիր վարչախմբի անհապաղ իշխանազրկում, ապա և դատավարություն։ Հանրային ընդվզումն ու ապստամբությունը, որն սկսվել է Երևանի փողոցներում, տրամաբանորեն պետք է հանգեցնի Փաշինյանի գահընկեցությանը անգամ առանց բախումների։ Փոխանակ ընկալելու իրադրության ճակատագրականությունն ու դրամատիզմը, սեփական հրաժարականի անխուսափելիությունը, միջազգային գործընկերների շրջանում լեգիտիմության իսպառ բացակայությունը՝ նա, սակայն, դեռևս դիմադրում է՝ իրեն և սեփական խմբակցությանը դնելով ծիծաղելի վիճակի մեջ։ Որքան շուտ պարտադրվի Փաշինյանի հրաժարականը, այնքան մեծ է Արցախը և Սյունիքը փրկելու հնարավորությունը։ Որքան ընդդիմությունն ու հանրությունը դանդաղեն, թշնամին՝ ներսից և դրսից, շարունակելու է երկրի զավթումը։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան