ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
13 May 2022

Այդ մոռացված պաշտոնը՝ հանրապետության նախագահ

Այդ մոռացված պաշտոնը՝ հանրապետության նախագահ

Ինչո՞վ է զբաղվում բախտի բերմամբ, թե պատահմամբ Բաղրամյան 26-ում օթևանած և պետության գլխի գործառույթներն ստանձնած Վահագն Խաչատուրյանը։ Դե բացի «իրադարձություններին հետևելուց», ինչպես վերջերս պարզաբանել էին նրա գրասենյակից։ Միգուցե որոշել է գերազանցե՞լ Արմեն Սարգսյանի հանցավոր անգործության ռեկորդը և անկախ արբիտրի իր սահմանադրական դերի համար անընդունելի անտարբերության մի նոր, ավելի բարձր նշաձող սահմանել։ Ըստ ամենայնի, նախագահի համար խիստ աղքատիկ կենսագրություն ունեցող սույն անձն ինքն էլ է զարմացած սեփական կարգավիճակից և դեռևս բերկրաթմբիրի մեջ է։

Վահագն Խաչատուրյանը, «ոչ շատ վաղ անցյալում»՝ Վահագն Խաչատրյանը, կարող է առնվազն Մայր օրենքը սերտել, որի պահպանմանը հետևելու բացառիկ իրավասությամբ է օժտված նույն այդ օրենքի կողմից, և կտեղեկանա, որ ցանկացած պաշտոնյայի նշանակման և ազատման հարցով իրավունք ունի առարկություններ ներկայացնելու վարչապետին։ Եթե նախկին նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ սպառնալիքներ, շանտաժ և հարկադրանքի այլ միջոցներ էին կիրառվում գործադիրի կողմից, քանի որ, օրինակ, նա սկզբնապես պնդում էր, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկությունը հակասում է Սահմանադրությանը, այս մեկին՝ պետության նորընծա գլխին, որևէ բանում համոզելու կարիք չկա․ նա իր քաղաքական ճկունությամբ, վկան՝ ՀԱԿ-ից ՔՊ թավշյա ճամբարափոխությունը, արագորեն կհասկանա՝ ինչպե՞ս է պետք վարվել, որ գոհացնի իրեն այդ պաշտոնին նշանակողին։

Երբ ԳՇ պետին պաշտոնանկ անելու առաջարկությունն ստանալուց հետո Արմեն Սարգսյանը, հայտնի անեկդոտի պես, փորձում էր մանրևել անձրևի կաթիլների արանքում, անգամ Անվտանգության խորհուրդը կոչ հղեց նրան՝ ստորագրելու Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության  հրամանագիրը, ինչն ակնհայտ քաղաքական ճնշում էր ու շանտաժ, քանի որ այդ պահին Արմեն Սարգսյանն արդեն դրսևորել էր իր կամարտահայտությունը՝ հրաժարվելով միջնորդության ստորագրումից։ Այլ հարց է, որ դա Անվտանգության խորհրդի իրավասության տիրույթում չէր, նման կոչն ընդամենը իրավական տգիտության ցուցիչ էր, քանի որ կոլեգիալ այդ մարմինը նախագահի խորհրդական կամ նրան իրավախորհրդատվական ծառայություն մատուցող չէ։

Չորրորդ նախագահն իր պաշտոնավարման երեքուկես տարում մի քանի անգամ առերեսվեց նման ճգնաժամերի՝ հակասահմանադրական հանրաքվեի նշանակումից, ապա դրա չեղարկումից ու ՍԴ կազմի ապօրինի փոփոխումից մինչև խիստ անհասկանալի ու երկդիմի հայտարարություններ հետպատերազմյան փուլում։ Սակայն նույնիսկ նվազագույն ինքնուրույնությունը նրան չէր ներվում, հետևապես՝ պետք էր գտնել ներքին դիմադրությունից բացարձակ զերծ մի կամակատարի, որն արագորեն գտնվեց՝ ի դեմս հինգերորդ նախագահի։ Ընդամենը մեկ անգամ Արմեն Սարգսյանը փորձեց գոնե մասնակիորեն կատարել իրեն վերապահված լիազորությունները, երբ իշխող մեծամասնության կողմից անմիջապես մեղադրվեց Մայր օրենքի ոտնահարման համար։

Իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի գործելու, իշխանության երեք ճյուղերի միջև հակակշիռների և զսպումների առկայության դեպքում նախագահը բոլոր վիճահարույց հարցերով պետք է դիմեր Սահմանադրական դատարան, և այդ դիմումների մուտքագրումից հետո Բարձր դատարանը պիտի որոշում կայացներ այդ հարցերով, պարզեր, թե, օրինակ՝ նախագահը Մայր օրենքի թելադրանքո՞վ է գործել՝ չստորագրելով ԳՇ պետին ազատելու հրամանագիրը։ Այս դրույթները Սահմանադրությունում այնքան միանշանակորեն են գրված, որ նույնիսկ բանավեճի առիթ չեն կարող տալ, քանի որ վերոբերյալ բոլոր դեպքերում վարչապետի առաջարկները պիտի ճանաչվեին հակասահմանադրական։ Դա իհարկե, այն դեպքում, եթե Բարձր դատարանը գտնվեր իր բարձրության վրա և քաղաքական կախում չունենար մեկ անձի կամքից։

Փաստն այն է, որ հանրապետության չորրորդ և հինգերորդ նախագահները՝ Արմեն Սարգսյանն ու Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես պատասխանատու են իրենց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցածի համար։ Այդ երկու «գլուխներից» առաջինը խիզախություն չունեցավ կանխելու Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը ոտնատակ տալու մերժելի պրակտիկան, երկրորդն էլ լուռ ու հնազանդ ժառանգել է այդ անպատիվ դերը և չի փորձում կասեցնել այս գահավեժ ընթացքը։ Եթե իր հարուստ կենսափորձով ու միջազգային կապերով հպարտացող Արմեն Սարգսյանը չուզեց մտնել երկրորդ կապիտուլյացիայի խարանի տակ՝ գիտակցելով պահի բախտորոշ ու ճակատագրական լինելը, միգուցե տեղի տալով նաև կոմպրոմատային պայքարում, որը Փաշինյանի սիրելի գործիքն է, ապա Վահագն Խաչատուրյանը գիտակցաբար մտավ այդ բեռի տակ։ Նա Փաշինյանի պես մոլագար կամ կիսագրագետ չէ, թերևս հասկանում է իր անպատիվ դերն այդ շղթայում, հետևաբար՝ պատասխանատուների շարքում նա առաջիններից մեկն է։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան