ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
03 Jun 2022

Գործոն դառնալո՞ւ, թե՞ ինքնաոչնչացման հավաքական ուղին

Գործոն դառնալո՞ւ, թե՞ ինքնաոչնչացման հավաքական ուղին

Բրիտանացի հանճարեղ գրող սըր Արթուր Քոնան Դոյլի «Արնագույն գործը» վիպակում խուզարկու Շերլոք Հոլմսն ասում է․ «Այս աշխարհում նշանակություն չունի, թե ինչ ես արել, ամենակարևորը մարդկանց համոզելն է, թե շատ բան ես արել։ Մարդկանց մեծամասնությունը, եթե նրան ներկայացնես իրադարձությունների հաջորդական շղթան, կկարողանան ասել, թե ինչ կլինի հաջորդիվ։ Նրանք կարող են մտովի համադրել փաստերը և եզրակացնել, որ ինչ-որ բան տեղի կունենա։ Սակայն շատ քիչ են այն մարդիկ, որոնք, իմանալով արդյունքի մասին, կկարողանան իրենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ քայլեր են հանգեցրել դրան»։ Պարզ մտավարժանք անելու դեպքում անգամ ակնհայտ է, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկտեղված քաղաքացիների մեծ մասը, հոլմսյան այս մեթոդով, վերահաս սպառնալիքների և վտանգների մասին գուժում էր դեռևս մինչև պատերազմը։

Օրինակ, իշխանախմբի անդամների երբեմնի ընդդիմադիր անցյալից ակնհայտ էր, որ այն Հայաստանում իշխանության է բերվել՝ Արցախը հանձնելու և ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու նպատակով։ Վերջերս այդ մասին բացեիբաց անգամ խոստովանեց մինչև նոյեմբերի 9-ը փոխարտգործնախարար աշխատած Շավարշ Քոչարյանը։ Պատերազմն ու Արցախի օտարումն արդեն իրողություն են, ռուսական ռազմակայանի հեռացումը՝ ընթացքի մեջ։ Բավական ճշմարտանման են թվում այն ենթադրությունները, որ Կրեմլը կարող էր անգամ տեղյակ չլինել Փաշինյանի և Ալիևի ուղիղ կապի բովանդակության կամ նրանց ստվերային պայմանավորվածությունների մասին, և ի հեճուկս հայկական կողմի անգործության՝ պատերազմը կանգնեցրեց գոնե Ստեփանակերտը փրկելու և այնտեղ ռուսական զորք տեղակայելու նպատակով։ Ակնհայտ է, որ Փաշինյանն առայսօր սարսափելի վախենում է Ալիևի պատերազմական կոմպրոմատներից և աշխատում է չանդրադառնալ նրան։ Ուրեմն՝ միգուցե հիմնավո՞ր է այն ենթադրությունը, որ սա ի սկզբանե ծրագրված պարտվողական պատերազմ էր՝ խիստ կանխատեսելի ելքով։

Ինքնիշխանությունից բարբաջող վարչախմբի օրոք Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի սահմանագիծը ոչ միայն էապես անպաշտպան է դարձել, այլև թողնվել է ռուսական սահմանապահ զորախմբի հոգածությանը, այն դեպքում, երբ նախկինում ռուսները վերահսկում էին բացառապես հայ-թուրքական սահմանը։ Հայաստանի երբեմնի ռազմաքաղաքական դերակատարումը հարավկովկասյան տարածաշրջանում զրոյացել է, մեր դաշնակիցներին վանել են, իսկ Ադրբեջանը մեզ վերաբերվում է իբրև երրորդ աշխարհի ամենախղճուկ պետության։ Առաջին պատերազմում հաղթած, որևէ ռազմավարական դիրք չզիջած, բանակցությունները շարունակաբար հօգուտ մեզ ծառայեցնող՝ սա էր մեր բոլոր նախկին իշխանությունների կարմիր գիծը՝ մինչև Փաշինյանի իշխանամուտը։ 

Հայաստանն այսօր կորցրել է իր երբեմնի հետաքրքրությունը միջազգային հանրության համար, քանի որ մեր տարածաշրջանային գործոնն ու դերակատարումն ընդգծվում էր հենց հայկական Արցախով։ Մեր դաշնակիցներն ու բարեկամները, որոնք մեզ հետ համընկնող բնական շահեր ունեն, օրինակ՝ Իրանը, նույնիսկ չեն թաքցնում, որ ավելի ուժեղ, կենտրոնաձիգ ու ազգաշահ, ողնաշարն ուղղած պետության ու ժողովրդի հետ են ցանկանում գործակցել։ Այս առումով անչափ կարևոր է Դիմադրության շարժման կողմից ոչ միայն ազգային օրակարգի ձևավորումն ու հայկական շահի սպասարկման խոսույթը, այլև տրամաբանված և ներդաշնակ հարաբերությունների հաստատումը միջազգային գործընկերների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների հետ։

Նրանց պետք է անհոգնել բացատրել, որ համաժողովրդական պայքարի կիզակետում ազգադավ վարչախմբի հեռացումն է, քանի որ այն ունակ չէ որևէ ազգային խնդիր լուծելու, և արդյունքում պետության սուբյեկտացման անկասելի ընթացքը բնականորեն ձեռնտու է լինելու նաև մեր դաշնակից ու բարեկամ երկրներին, անցանկալի՝ թշնամի պետություններին։ Միջազգային որևէ սուբյեկտ չպետք է կարծի, թե Փաշինյանը հայ ժողովրդի հավաքական մարմնավորումն է։ Դիմադրության շարժումը, եթե նույնիսկ այս փուլում չհասնի իշխանության հեռացման, առնվազն պիտի ցույց տա տասնյակ հազարավոր հայորդիների ըմբոստ և հայրենատեր կեցվածքը, հաղթանակի և պետական շահի արթուն հիշողությունը, ազգադավ վարչախմբի բերած աղետների հետ որևէ դեպքում չհամակերպվելու գիտակցումը։

Միաժամանակ, եթե Փաշինյանին հաջողվի այս անգամ էլ վիժեցնել իր հրաժարականի համաժողովրդական պարտադրման սահմանադրական ճանապարհը, նա պետք է ամեն պահ պատրաստ լինի իշխանությունից հեռացման ոչ սահմանադրական, իր համար խիստ անցանկալի եղանակներին։ Հայոց մեծ եղեռնից հետո հայ վրիժառուների իրականացրած «Նեմեսիս» գործողությունը, ի վերջո, նաև հայ դավաճանների դեմ էր։ Մեկ անգամ չէ, որ զոհերի՝ արդեն հոգեխանգարմունքի հասած բարեկամներն անհատական վրեժից են խոսել։ Փաշինյանը թերևս հասկանում է, որ եթե փորձի խույս տալ իր հրաժարականից հետո ենթադրվող անխուսափելի արդարադատությունից, չի կարողանալու խուսափել հայ ժողովրդի արդարացի ցասումից։ 

Հեղինակ` Դավիթ Սարգսյան