ԼՐԱՀՈՍ
02 Nov 2024

Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ Հայաստանի երիտասարդությանը

Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ Հայաստանի երիտասարդությանը

«Կարդում եմ մեջբերում 2018 թվականի ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից հրապարակված բաց նամակից, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ՝ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է»:

Սրանք իմ խոսքերն են: Ցավոք, այս խոսքերն առավել, քան արդիական են հենց հիմա, այս օրերին: Հիմա, երբ Արցախն օկուպացվել է և հայաթափվել է Ադրբեջանի կողմից, երբ այս օկուպացիայի գլխավոր պատասխանատուները շարունակում են Հայաստանում որոշումներ կայացնել և դրա հետանքով Ադրբեջանին են հանձնում նորանոր տարածքներ, վերոնշյալ նամակում նշված վտանգներն արդեն իսկ ակտիվ փուլում են գտնվում: Այս վտանգներն այնքան սուր և կենսական են, որ առանց չափազանցության հայկական պետության գոյությունը կասկածի տակ է: Ապրում ենք ամոթի և համատարած անպատասխանատվության մի շրջան, որը հաջորդիվ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կդաջվի՝ որպես Մեծ ամոթի շրջան:

Սրանով հանդերձ, ինքս չեմ հուսալքվում և չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում: Չեմ համակերպվում, քանի որ ես գիտեմ, թե ինչ է համախմբման ուժը, ես գիտեմ, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ես նաև գիտեմ, որ համախմբման պարագայում մենք դառնալու ենք այնքան զորեղ, որ կարողանալու ենք կանգնեցնել մեր պետությունն ավերող այս իշխանությանը և կարողանալու ենք Հայաստանում ունենալ հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն:

Այս հարցում թերևս ամենակարևոր դերակատարումը երիտասարդներինն է: Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը, և նրանցն է այս գործում կարևոր դերակատարումը` դառնալու ոչ բռնի պայքարի մարտիկներ»։

Միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյան